Ստամբուլում ոստիկանության և ցուցարարների միջև բախում է տեղի ունեցել. ձերբակալվել է 20 մարդ (տեսանյութ)

14:22 • 01.05.13

Թուրքական ոստիկանությունը Ստամբուլում արցունքաբեր գազ է կիրառել Մայիսի մեկի՝ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ ցույցի դուրս եկած ցուցարարներին ցրելու համար։ Ձերբակալվել է 20 ցուցարար, հայտնում է TGRT հեռուստաալիքը։

 

Ինչպես տեղեկացնում է CNNturk-ը, ցուցարարները փորձել են մտնել Թաքսիմի հրապարակ, որտեղ ցույցերի իրականացումն ավելի վաղ արգելել էին քաղաքային իշխանությունները։

 

Ոստիկանությունը ջրի շիթերով և արցունքաբեր գազով փորձել է ցրել ցուցարարներին։ Որոշ լրագրողներ վնասվածքներ են ստացել ոստիկանության ուղղությամբ նետված քարերի պատճառով։ Վիրավորներ կան նաև ցուցարարների շրջանում։

 

Թաքսիմի հրապարակը տեղի արհմիությունների համար իրենց իրավունքների և ազատությունների հիմնական խորհրդանիշն է համարվում։


1978թ.-ից մինչև 2010թ. ցույցերն այստեղ արգելվել էին, սակայն 3 տարի առաջ իշխանություններն ընդառաջել էին աշխատավորներին և թույլ տվել հավաքվել Թաքսիմում։

Արգելքը պայմանավորված է եղել 1977թ.-ի ողբերգական դեպքերով։ Այդ օրը Թուրքիայում անվանում են «արյունոտ մայիսի 1»։ Այդ ժամանակ Թաքսիմում հավաքվել էին ավելի քան 500 հազար բանվորներ։ Ելույթներից մեկի ընթացքում անհայտ անձինք ամբոխի վրա կրակ էին բացել հարակից երկու բարձրահարկերից։ Կրակոցների և դրան հաջորդած տագնապի ընթացքում զոհվել էր 36 մարդ։

Bu video Adobe Flash Player'ın son sürümünü gerektirmektedir.

Adobe Flash Player'ın son sürümünü indirin.