Հալեպում դարձյալ հայ է զոհվել

00:30 • 03.05.13

Հալեպում հայ տղամարդ է սպանվել: Ինչպես Tert.am-ին տեղեկացրին Հալեպի աղբյուրները, սիրիահայ համայնքի հերթական զոհը Րաֆֆի Դաղլյանն է: Նա մահացել է պարանոցի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:


Միջադեպի մասին այլ մանրամասներ հայտնի չեն:
 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հալեպի հայաշատ թաղամասերում երկու օր անընդմեջ ականներ էին պայթել: Դրանց հետևանքով թեթև վնասվածքներ էին ստացել երկու հայեր:


Թեև քաղաքի կենտրոնական շրջանները բախումների անմիջական թատերաբեմ չեն դարձել, սակայն հարակից շրջաններից արձակված ականները կամ փամփուշտները հաճախ են հայտնվում այդ շրջաններում:


Քաղաքում խորացել է տնտեսական ճգնաժամը, էլեկտրաէներգիայի մատակարարումը գործում է էական խափանումներով, գրեթե չի գործում բջջային և քաղաքային հեռախոսակապը, քաղաքում համատարած գործազրկություն է ու գնաճ:


Սիրիայում կառավարության զորքերի և զինյալ ընդդիմության միջև բախումներն սկսել են 2011թ մարտից, և մինչ օրս, ըստ ՄԱԿ-ի պաշտոնական տվյալների, զոհվել է ավելի քան 70.000 մարդ: Այս ընթացքում զոհված հայերի թիվն անցնում է հինգ տասնյակը: