Մամուլի ազատությունը Հայաստանում՝ ոլորտի ներկայացուցիչների աչքերով
Հայաստանում մամուլը ազատ է այնքանով, որ ազատություն ունի հայհոյելու: Մամուլի ազատության համաշխարհային օրվա առիթով այսօր Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հատնեց «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը և հարցրեց, թե արդյոք դա կարելի է ազատություն համարել:
«Ազատությունը պետք է ինչ-որ արդյունք տա, իսկ հայհոյելու ազատությունը դեռ չի նշանակում, որ արդյունավետ ազատություն է: Մեր իշխանավորները ասում են՝ «տեսե՛ք, մեզ հայհոյում են, մենք հանդուրժում ենք»»,– ասաց նա:
«Մյուս կողմից, այն, ինչ կոչվում է հետաքննական լրագրություն, որը պետք է թափանցի ու մտնի բոլոր ծակուծուկերը, բոլոր գաղտնիքները արտահայտի ու պետությանը, հասարակությանը, ժողովրդին տեղեկացնի տարբեր հարցերին, դա չունենք, դրա համար միշտ մակերեսով ենք առաջ գնում»,- նշեց Հակոբ Ավետիքյանը:
Հարցին, թե որտեղ է պետք փնտրել լրատվական դաշտի մակերեսային աշխատանքի մեղքը, Հակոբ Ավետիքյանը նշեց, որ ներկայումս ստեղծված մամուլի շուկայում, որը չի քաջալերում լրագրողներին, որ կարողանան իրենց իսկական դերը կատարել:
«Այստեղ մեղքը բոլորինն է՝ և՛ իշխանություններինը, որոնց պետք է մենք մեր խորքային մոտեցմամբ, քննադատությամբ օգտակար լինենք, և՛ լրագրության գործի մասնագետներինը, ու նաև լրագրողներիս, հատկապես՝ խմբագիրներինը, տնօրեններինը: Մենք՝ բոլորս, այս գործում չասեմ տխուր, բայց ոչ արդյունավետ գործունեության արդյունքում է, որ ունենք այս վիճակը»,– ասաց նա:
Ըստ Հակոբ Ավետիքյանի՝ անհրաժեշտ է, որ կարողանանք, տարբեր լրատվատեսակներով մի խումբ կազմել, լրջորեն քննել ու գտնել այն ձևերը, որոնք կարող են առաջին հերթին բարենպաստ լրատվական շուկա ստեղծել մեր երկրում և մեր գլխավոր հարցերը լուծել միասնաբար: «Այն, ինչ այսօր մենք ենք տալիս մեր հասարակությանը, չէի ասի, որ օգտակար է»,- նշեց նա:
Ըստ «Ազգ» օրաթերթի գլխավոր խմբագրի՝ ԶԼՄ-ի տեսակներից առավել ազատ են այսօր համացանցային լրատվամիջոցները, որից հետո միայն տպագիր մամուլը, այնուհետև ռադիոն և միայն վերջում հեռուստատեսությունը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում օբյեկտիվ համարեց վերջերս Freedom House-ի հրապարակած զեկույցը, ըստ որի՝ Հայաստանը մամուլի ազատության ոլորտում իր դիրքերը բարելավել է 4 կետով, բայց դեռ անազատ է:
«Լրատվամիջոցների նկատմամբ դատական հայցերը շարունակվում են, որոնց մեծ մասի դիմումատուները չինովնիկներն ու պատգամավորներն են։ Սա խոսում է նրա մասին, որ այո, մեր մամուլը շարունակում է անազատ մնալ»,– ասաց նա:
Ըստ Մեսրոպ Հարությունյանի՝ նույն այդ չինովնիկներն ու պատգամավորները դեռ չեն կարողանում տարբերել քննադատությունը զրպարտությունից և ընդունել նույն քննադատությունը:
«Մենք ականատես եղանք նրան, երբ պատգամավորը լրագրողի ծնոտն էր սպառնում ջարդել կամ օլիգարխը կարող է իրեն թույլ տալ լրագրողին վիրավորել և սա մնում է անպատիժ»,- ասաց նա:










