Մարդկությանը թռչնագրիպի նոր համաճարակ կարող է սպառնալ

22:45 • 03.05.13

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է թռչնագրիպի հնարավոր համաճարակի մասին: Այս անգամ խոսքը նոր H7N9 վիրուսի մասին է, որը տարբերվում է 8 տարի առաջ մարդկանց խուճապի մատնած H5N1 վիրուսի համաճարակից, տեղեկացնում է news.mail.ru-ն:


Վիրուսը դեռևս մարդուն կարող փոխանցվել միայն ընտանի թռչուններից՝ հավից և բադից, սակայն գիտնականները չեն բացառում, որ ապագայում այն կարող է մուտացիայի ենթարկվել և փոխանցվել մարդուց մարդուն:


Մասնագետները պնդում են, որ մուտացիան կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Վատագույն սցենարում, եթե հիվանդությունը սկսեց անցնել մարդուց մարդուն, այն կարող է մի քանի օրվա ընթացքում տարածվել ողջ աշխարհում ավիացիայի, ինքնաթիռների և գնացքների միջոցով: 


Ինչպես 8 տարի առաջ, այս անգամ ևս համաճարակի աղբյուրը Չինաստանն է: Երկրի իշխանություններն արդեն գրանցել են հիվանդության 127 դեպք, որոնցից 26-ը՝ մահվան ելքով: