Գլենդեյլում 36-ամյա հայը բռնաբարության և առևանգման համար ցմահ ազատազարկման կդատապարտվի
ԱՄՆ Գլենդեյլ քաղաքում 36-ամյա հային ցմահ ազատազարկում է սպառնում:
Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, Լոս Անջելեսի շրջանային դատարանն այս շաբաթ Էդուարդ Նիկոլայանին մեղավոր է ճանաչել 2006թ-ին Բերբանկ քաղաքի մի բնակչուհու առևանգելու և նրան բռնաբարելու համար:
Դեպքը տեղի է ունեցել 2006թ-ին սեպտեմբերին: Քննչական մարմինների տվյալներով՝ Էդուարդը և նրա ընկերը՝ Տիգրան Պետրոսյանը, տուժողին (անունը և ազգությունը չի նշվում) հանդիպել էին Բերբանկի ավտոմեքենաների վարձույթի սրահներից մեկում, ուր նրանք այցելել էին մեքենա վարձակալելու համար... հեռախոսահամարներ էին փոխանակել և պայմանավորվել ավելի ուշ հանդիպել-զրուցել: Նույն այդ օրը Բերբանկի բարերից մեկում հանդիպել էին... ընկերները, Լոս Անջելեսի դատախազության հաղորդագրության համաձայն չարադիտական նպատակներով կնոջ բաժակի մեջ թմրանյութ էին լցրել, կինն անզգայացել և գիտակցությունը կորցրել էր... արթնացել էր Գլենդեյլի մոթելներից մեկում՝ ամբողջովին մերկ, դաստակների և թևերի վրա կապտուկներ և բռնության հետքեր էին եղել, հագուստն էլ՝ աղբարկղի մեջ:
Կնոջը, մոթելից դուրս գալիս, պարեկային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել էին... Նրանք ստուգել էին անվտանգության տեսախցիկներով արված տեսանյութերը և պարզել, որ Էդուարդը և Տիգրանը նույն այդ օրը կնոջը ծածկոցի մեջ փաթաթած մտցրել էին մոթելի սենյակներից մեկը և ժամեր անց երկուսով դուրս եկել ու հեռացել:
Ավելի ուշ ԴՆԹ վերլուծությունը (մոթելի սենյակից ու տուժողից վերցված նմուշների) ցույց էր տվել, որ Էդուարդ Նիկոլայանն ու Տիգրան Պետրոսյանը բռնաբարել են աղջկան: Տղաները 2009թ-ին ձերբակալվել էին (Պետրոսյանի նկատմամբ ևս նույն մեղադրանք է ներկայացվել, նրա դատավճիռը, սակայն, դեռևս չի հրապարկվել):
Լոս Անջելեսի շրջանային դատարանը Նիկոլայանի դատավճիռը կհրապարակի մայիսի 16-ին:










