ԱՄՆ-ն քննարկում է Սիրիայի հակամարտության լուծման բոլոր հնարավոր տարբերակները

10:25 • 03.05.13

ԱՄՆ վարչակազմը շարունակում է ուսումնասիրել իրավիճակը Սիրիայում՝ այդ երկրում արյունահեղության դադարեցման համար առկա տարբերակներից ամենահարմարն ընտրելու նպատակով։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։

 

«Մենք ուսումնասիրում ենք գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները, սակայն նախ ցանկանում ենք հասկանալ, թե ինչպես կարելի է լավացնել իրավիճակը՝ այն չդարձնելով ավելի վտանգավոր (քաղաքացիական բնակչության համար)»,-ասել է Օբաման։

 

Նա պատասխանել է հարցին, թե ամերիկյան պաշտպանական գերատեսչության ղեկավար Չակ Հեյգելը նախօրեին չէր բացառել ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությունը Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցում։ «Այն, ինչ ասել է Հեյգելը, նույնն է, ինչ ասում եմ ես՝ արդեն մի քանի ամիս շարունակ. մենք շարունակում ենք գնահատել իրավիճակը»,-ընդգծել է Օբաման։

 

Սիրիայում հակամարտությունն սկսվել է 2011թ.-ի մարտին։ Այս ընթացքում, տարբեր տվյալներով, Սիրիայում զոհվել է 70-90 հազար մարդ, միլիոնավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները։

 

Ապրիլի 25-ին Պենտագոնը հայտարարել էր, որ ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Սիրիայում քիմիական զենք է կիրառվել։