Չնայած տարաձայնություններին, ոչ իշխանական ուժերը հետընտրական դաշինքը հնարավոր են համարում

15:54 • 03.05.13

Երևանի ավագանու ընտրություններին ոչ իշխանական ուժերի կողմից հետընտրական դաշինք ձևավորելու հարցում, թեև միայն հայտարարությունների տեսքով, իրենց պատրասատակամություն են հայտնել առաջադրված 7 քաղաքական ուժերից 5-ը։ Ավելին, ըստ Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության՝ միավորվելու այս առաջարկը նույնիսկ փորձադաշտ կլինի հասկանալու համար, թե որ ուժն է իրականում ձգտում իշխանափոխություն իրականացնել։


«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց, որ հետընտրական դաշինքը ոչ միայն հնարավոր է, այլև՝ շատ հավանական։


«Ես շատ հավանական եմ համարում հետընտրական դաշինքը։ Եթե ունեցած արդյունքները կհատեն օրենքով սահմանված շեմը, անպայմանորեն կլինի հետընտրական դաշինք»,- ասաց նա՝ նշելով, թե իրատեսական է համարում այդ դաշինքը ԲՀԿ-ի, «Հայ ազգային կոնգրեսի» և ՀՅԴ-ի դեպքում, իսկ «Ժառանգության» դեպքում վերապահում ունի։


«Ես բավականաչափ ռեալ եմ համարում հետընտրական դաշինքը ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի և ՀՅԴ-ի միջև։ Ես ինքս վերապահում ունեմ, որ այդ ընտրական դաշինքին օրենքով սահմանված շեմը անցնելու դեպքում կմիանա «Ժառանգությունը», որովհետև ինձ համար հասկանալի չէ իրենց քաղաքական նպատակը, բայց հույս ունենամ, որ «Ժառանգության» մեր գործընկերները իրենց քվեին տեր կկկանգնեն և կմիանան»,- ասաց նա։


Հարցին, թե արդյոք այս դեպքում քաղաքապետի ընտրության համար տարաձայնություններ չե՞ն լինի, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ ասելով, թե դա կախված է նրանից, թե որ քաղաքական ուժը որքան տոկոսներ կստանա, ըստ այդմ էլ կորոշեն զիջելու հարցը։


«Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, թեև ասաց, որ հատկապես ԲՀԿ-ին ապացուցելու ու համոզելու ոչինչ չունի, բայց Tert.am-ի հետ զրույցում հավատացրեց, որ միավորվելու հնարավորությունը շատ իրատեսական է։


«Կարծում եմ, որ «Բարև Երևան» դաշինքը միայնակ էլ կարող է մեծամասնություն կազմել, բայց դա կապ չունի. նույնիսկ այս պարագայում մենք ընդդիմության ներկայացուցիչների հետ ամենասերտ հարաբերություններն ունենալու ենք։ Այնպես որ, միավորվելու որևէ խնդիր չեմ տեսնում, իսկ ընդհանուր զրուցելն ու անդրադառնալն արդեն պետք է լինի ընտրություններից հետո»,– ասաց նա։


«Մենք կտեսնենք, ոչ միայն քարոզարշավի ընթացքում, թե իրենց ինչպես պահեցին քաղաքական ուժերը, այլ նաև քվեարկության օրը, ըստ այդմ էլ կորոշենք»,- ասաց նա և հիշեցրեց «թերահավատ ԲՀԿ-ին», որ նույն «Ժառանգությունն» էր, որ նախագահական ընտրություններին պայքարեց իշխանական թեկնածուի դեմ, այլ ոչ թե ընտրողներին կոչ արեց չմասնակցել կամ պասիվություն ցուցաբերել։


Զիջումների մասին խոսելն էլ, ըստ նրա, դեռ վաղ է։ «Մենք մեծամասնություն ենք ունենալու, ուստի զիջման կամ չզիջման խնդիր գոյություն չունի»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։


ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով՝ անկախ բոլոր տարաձայնություններից, ոչ իշխանական ուժերը բոլոր ուժերը պետք է համախմբվեն։


«Մենք մշտապես ունեցել ենք ընդդիմադիր դաշտում տարաձայնություններ, իշխանությանը համախմբողը իշխանությունն է, նրանց ֆինանսական միջոցներն են, նրանց համախմբելու համար այդ գործոնները բավարար են, իսկ ընդդիմությունը գաղափարական տարաձայնությունների պատճառով շատ դեպքերում չի կարողանում համախմբվել, բայց սա այն դեպքն է, որ իրոք հնարավորություն կա համախմբման, որովհետև դա բխում է բոլորիս շահերից»,– Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։


«Առանց լայն կոնսոլիդացիայի մեր երկրում որևէ խնդիր չենք կարող լուծել, ռեալ պայքար պետք է տանել իշխանության դեմ»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ նշելով, թե ավելի քան վստահ է, որ եթե միասնական տոկոսը գերազանցի ՀՀԿ-ի տոկոսների քանակին, ապա կհամախմբվեն և կունենան ընդդիմադիր քաղաքապետ։


Հայ Յեղափոխական Դաշնակցությունն ասում է, որ իրենք մշտապես եղել են համախմբողի դերում և այս անգամ էլ առիթը բաց չեն թողնելու իրատեսական հնարավորությունն օգտագործելու համար։


ՀՅԴ ցուցակը գլխավորող Արմեն Ռուստամյանն այսօր նշել էր, թե ինքը չի կարծում, որ որևէ ոչ իշխանական բանական ուժ մտնի ավագանի և չմիավորվի։ «Ես վստահ եմ, որ դրանով վերջ կլինի իշխանության քաղաքական կարիերային, որը կդառնա քաղաքական դիակ։ Եթե ևս մեկ անգամ հիասթափեցնենք ժողովրդին մեր սխալ պահվածքով, դա ևս մեկ մեծ հարված կլինի»,- ասաց նա։


Միավորվելու մասին «Առաքելություն» կուսակցության ցուցակը գլխավորող Մեսրոպ Առաքելյանը Tert.am-ին ասել էր, որ իրենք մինչև քարոզարշավի մեկնարկը՝ ոչ իշխանական ուժերին ներկայացրել էին համագործակցության առաջարկի նախագիծ, ու թեև պաշտոնական պատասխան չեն ստացել, բայց իրենք պատրաստ են նման դաշինքին միանալ հետընտրական շրջանում։


«Եթե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ ընդդիմադիր ուժերից որևէ մեկը մեծամասնություն չունենա և ոչ իշխանական ուժերը միավորվեն ու հանդես գան միասնական թեկնածուով, մենք կստարենք այդ թեկնածուին»,- ասել էր նա։