Ոչ իշխանական ուժերի միավորման դեպքում իշխանությունը կդառնա քաղաքական դիակ. Արմեն Ռուստամյան

12:38 • 03.05.13

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը համոզված է, որ Երևանի ավագանու ընտրությունների հետընտրական շրջանում՝ ոչ իշխանական ուժերի միավորման դեպքում, իշխանությունը կդառնա քաղաքական դիակ և վերջ կդրվի նրանց քաղաքական կարիերային։


«Չեմ կարծում, որ որևէ ոչ իշխանական բանական ուժ մտնի ավագանի և չմիավորվի, ես վստահ եմ, որ դրանով վերջ կլինի իշխանության քաղաքական կարիերային, որը կդառնա քաղաքական դիակ։ Եթե ևս մեկ անգամ հիասթափեցնենք ժողովրդին մեր սխալ պահվածքով, դա ևս մեկ մեծ հարված կլինի»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց նա։


Արմեն Ռուստամյանն ընդգծում է, որ առաջադրված քաղաքական 8 ուժերից 4-ը ոչ իշխանական են և այս անգամ, ըստ նրա, հաղթահարելն ավելի հեշտ է լինելու։


«Մենք ընտրախախտումների համար թեժ գիծ ենք բացել, որի խնդիրներով պետք է զբաղվենք։ Շատ բան կախված է նրանից, թե ինչքանով են ազատ անցնելու ընտրությունները։
Եթե հաջողվի վերահսկել, հստակ է, որ իշխանությունները չեն կարող վերարտադրվել»,- ասաց նա և վստահեցրեց, որ կոնկրետ ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, որ հետընտրական դաշինք հաստատվի։


Միաժամանակ ՀՅԴ պատգամավորն արձանագրեց, որ դեռևս միասնական հայտարարություն չի եղել։ «Եվ դա լավ չի, ամեն մեկը, կարծես, տեղ է թողնում հետագայի համար, որը կարող է ապակողմնորոշել ընտրողին։ Ընտրողը պետք է հասկանա, որ ձայն տալով ընդդիմությանը իր ձայնը չի կորի»,- նշեց նա։


Իսկ այն հարցին, թե Դաշնակցությունը պատրա՞ստ է զիջել քաղաքապետի պաշտոնը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ իրենք դեռևս նախընտրական փուլում էին պատրաստ իրենց ամբիցիաները մի կողմ դնել և ունենալ ընդդիմադիր քաղաքապետ։


«Մենք բոլորի հետ նորմալ հարաբերություն ունենք, կամուրջներն այրված չեն, և ամեն ինչ կանենք, որ միավորվեն, եթե ոչ, ապա կհասկանանք, որ իրենց շահն այն է, որ դաշտը թողնեն իշխանություններին»,- նշեց նա։