ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում սկսված անտառային հրդեհը իշխանություններին ստիպել է տարհանել հարյուրավոր մարդկանց, իսկ մարման աշխատանքներին մասնակցում է ավելի քան 400 մասնագետ, հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով տեղական KTLA հեռուստաընկերությանը:
Հրդեհները սկսվել են չորեքշաբթի օրը՝ Հարավային Կալիֆորնիայի Բաննինգ քաղաքի մոտակայքում: Ուժեղ քամին և համեմատաբար օդի քիչ խոնավությունը բարդացնում է իրավիճակը:
Ներկայում մարման գործողություններին մասնակցում է 425 մասնագետ, ինչպես նաև մի քանի տասնյակ ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Որոշ բնակիչներ, չսպասելով հրշեջների ժամանելուն, ինքնուրույն փորձել են հանգցնել կրակը: Տարհանվել է մոտ 500 մարդ:
Իշխանությունները զգուշացնում են, որ այս տարի ամռանը կարող են գրանցվել ռեկորդային քանակի և ծավալի հրդեհներ:










