ԱՄՆ-ում ամենաորոնվող ահաբեկիչների ցանկում առաջին անգամ կին է հայտվել

09:48 • 03.05.13

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն առաջին անգամ ամենաորոնվող ահաբեկիչների ցանկում է ներառել կնոջ, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով ամերիկյան գերատեսչությանը։

 

Այդ կինը Ջոան Չեսիմարդն է, ով մեղադրվում է, մասնավորապես, Նյու Ջերսի նահանգում 40 տարի առաջ իրականացված իրավապահ մարմինների աշխատակցի սպանության համար։

 

ՀԴԲ ներկայացուցիչները 1 մլն դոլար պարգևատրում են խոստացել կնոջ մասին տեղեկության համար, Նյու Ջերսիի ոստիկանությունը նույնպես նույնքան գումար է խոստանում նման տեղեկության համար։

Բյուրոյի տվյալների համաձայն՝ որոնվողը 61-66 տարեկան է։ Գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ նա «ներպետական ահաբեկիչ է, ով սպանել է ոստիկանի»։

 

1973-ին երկու ոստիկան կանգնեցրել էին մի մեքենա, որում եղել էին Չեսիմարդն ու նրա համախոհները։ Այդ ժամանակ կինը համարվում էր «Սև ազատագրական բանակ» ծայրահեղական խմբավորման անդամ և մի շարք հանցագործությունների համար գտնվում էր հետախուզման մեջ։ Փոխհրաձգության հետևանքով իրավապահներից մեկը վիրավորվել էր, մյուսը՝ սպանվել։

 

Նա ձերբակալվել էր 1977-ին և դատապարտվել ցմահ ազատազրկման։ Սակայն շուտով փախել էր բանտից։
 

Ի դեպ, ինչպես հայտնում է Daily Mail-ը, Չեսիմարդը հանրահայտ ռեփեր 2Pac-ի կնքամայրն է։