Աֆղանստանում պայթյունի հետևանքով ամերիկացի 5 զինծառայող է զոհվել

20:24 • 04.05.13

Աֆղանստանի հարավում այսօր ինքնաշեն պայթուցիկ սարք է պայթել, ինչի հետևանքով Միջազգային անվտանգության աջակից ուժերի (ISAF) հինգ զինծառայողներ են զոհվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ISAF-ի մամլո ծառայությանը:


Միջազգային անվտանգության աջակից ուժերից դեռ տեղեկություն չեն հաղորդել զոհվածների ազգության մասին, սակայն Աֆղանստանում ամերիկյան զորքերի ներկայացուցիչն ավելի ուշ հաստատել է, որ խոսքը ամերիկացի զինվորների մասին է:


Ինչպես փետրվարի սկզբին տեղեկացրել են ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից, վերջին երեք ամիսների ընթացքում ԱՄՆ զինուժի 30 զինվոր է սպանվել Աֆղանստանում: Այս ցուցանիշը ամենացածրն է վերջին չորս տարիների ընթացքում:


Վաշինգտոնը մտադիր է 2014-ի ավարտին Աֆղանստանից հանել ամերիկյան զորքերի հիմնական մասը: Աֆղանստանում մնացող զորքերը միայն կօգնեն աֆղանական զորքերին ահաբեկչության դեմ պայքարում:


Պաշտոնական տվյալների համաձայն՝ 11 տարի տևած պատերազմի ընթացքում Աֆղանստանում զոհվել են ավելի քան 2 հազար ԱՄՆ զինծառայող, 18 հազարից ավելին վնասվածքներ են ստացել: