Հայաստանի և Սվազիլենդի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության ու Սվազիլենդի Թագավորության մշտական ներկայացուցիչներ` Կարեն Նազարյանը և Զվելեթհու Մնիսին մայիսի 3-ին ստորագրել են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն, տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Նյու Յորքում ՀՀ մշտական ներկայացուցչության շենքում Համատեղ հայտարարության ստորագրման արարողությանը նախորդել է երկու երկրների դեսպանների առանձնազրույցը, որի ժամանակ կարևորվել են երկկողմ համագործակցության խթանումը և երկուստեք նշվել ՄԱԿ-ի ու միջազգային կազմակերպությունների շրջանակներում շփումների ակտիվացումը:
Սվազիլենդի Թագավորությունը գտնվում է Հվ. Աֆրիկայում և սահմանակցում է արևմուտքում` Հարավաֆրիկյան Հանրապետությանը և արևելքում` Մոզամբիկին: Տարածությունը 17,4 հզ. կմ² է, բնակչությունը` 1,1 մլն.։ Մայրաքաղաքը` Մբաբանե։ Պետական կարգը` 1978 թվականից Սահմանադրական միապետություն է։ Պետության ղեկավարն է թագավորը։ Օրենսդիր իշխանությունը պատկանում է թագավորին և երկպալատ (ներքին պալատ և սենատ) խորհրդարանին։ Գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը` վարչապետի գլխավորությամբ։ Ազգերի Բրիտանական համագործակցության անդամ է։










