Կառավարության կազմում մասնակի փոփոխություններ կլինեն. Գալուստ Սահակյան
Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն այսօր կայացած ասուլիսին հայտարարեց, որ նոր Կառավարության կազմում մասնակի փոփոխություններ կլինեն։
Խոսելով ընդդիմադիր գործիչներին պետական կարևոր օղակներում ներգրավելու մասին՝ նա ասաց, որ ընդդիմության ներկայացուցիչը, եթե մարզպետ կամ քաղաքապետ դառնա, նա այլևս ընդդիմություն չի լինի, և հենց Կառավարության անդամ դարձավ, Կառավարության ծրագիրը պետք է կատարի։
«Բայց խոսք կա, որ պետք է ընդդիմությունն ասի, ուզում է կառուցո՞ղական լինի, ուզում է արմատակա՞ն լինի, պետք է մշտապես վերահսկի իշխանությանը»,–ընդգծեց նա։
Վերջինիս կարծիքով՝ Հայաստանում ընտրություններից հետո ընդդիմադիրները մի փոքր գոռգոռում են, ակտիվանում են, ժողովրդին հույսեր են տալիս, հետո ասում են, որ չստացվեց, ետ են քաշվում մինչև հաջորդ ընտրություններ։
«Հրապույրները շատ են, վաղվանից կսկսվի գզվռտոցը, ժողովուրդն արդեն կմտածի, որ եկել է ժամանակը, որ մեր պետությունն էլ ընդդիմություն կունենա, հետո կվերջանա ամեն ինչ ու մինչև նոր ընտրություններ։ Մինչև մյուս ընտրությունները մոխրացած ստի ժայթքումներ կլինեն, և հաջորդ ընտրություններից մեկ տարի առաջ կվերածնվի հայրենիքի սերը»,– ասաց նա։
Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, Գալուստ Սահակյանը նշեց, որ դա ինքնանպատակ չէ. «Որ ասենք լավ տղերք են, մենք էլ ենք լավ տղերք, եկեք կոալիցիա կազմենք»։
Ըստ նրա՝ սովորաբար կոալիցիա կազմում են, սակայն ընտրությունից կես տարի առաջ դուրս են գալիս և հարվածում իշխանությանը։ «Այդպես վերաբերվում են Ադեի փեշի տակից դուրս եկողները, որ մշտապես Ադեի կոնֆետից օգտվում են, հետո մտածում են, թե ինչու թաքուն վերցնենք, միանգամից դուրս կգանք։ Հետո էլի հուսախաբվում են ու փորձում համաձայնությունների գալ»,– ասաց նա։
Անդրադառնալով երկրի վիճակին, Գալուստ Սահակյանը նշեց, որ չի կարծում, թե երկրի վիճակը ծայրահեղ է, բայց կարծում է, որ իրենք շատ անելիքներ ունեն։










