Գյումրիում ևս սպասվում են տրանսպորտային բարեփոխումներ. Քաղաքապետարանի խոսնակ
Գյումրի քաղաքում ևս նախատեսվում են տրանսպորտային բարեփոխումներ և հնարավոր է՝ այնտեղ ավելանա մեկ ավտոբուսային գծով, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Զոհրաբ Եգանյանը:
«Վերջին շրջանում անցկացվել են նոր մրցույթներ, որոնց արդյունքները ամփոփված չեն, որպեսզի պաշտոնական տեղեկատվություն հաղորդեմ:
Ասեմ միայն, որ ընկերություններից մեկը 1 ավտոբուսային նոր գծի հայտ է ներկայացրել, և եթե հաղթող ճանաչվի, ապա Գյումրիում կունենանք այն ավտոբուսներից, որ գործում են Երևանում»,- ասաց Զոհրաբ Եգանյանը և տեղեկացրեց, որ Գյումրիում գործող միկրոավտոբուսներ գծերը 12–ն են։
Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ կան այն մասին, որ Գյումրիի երթուղայիններում ստուգումներ են սկսվել, որոնց նպատակն է դաշտից դուրս մղել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին պատկանող գծերը:
Ի պատասխան հարցի,թե ո՞ր գծերն են պատկանում Վարդան Ղուկասյանին, Զոհրաբ Եգանյանը նշեց, որ չի կարող ասել, թե որ քաղաքացին որ երթուղային գիծ շահագործելու հայտ է ներկայացրել, առավել ևս, որ օրը աշխատանքային չէ:










