Հ. Հովհաննիսյանը խիստ կասկածում է, որ իշխանություններին առաջիկա 4-5 տարիներին անամպ կյանք է սպասում
Հաշվի առնելով այն աքսիոմատիկ ճշմարտությունը, որ արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, իսկ արտաքին քաղաքական օրակարգն էլ հետադարձ կապ ունի ներքինի հետ, Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը խիստ կասկածում է, որ առաջիկա չորս-հինգ տարիները ՀՀ իշխանությունների համար հանգիստ են լինելու:
«Արտաքին քաղաքական մարտահրավերներ կան, մեր սահմաններին հարող տարածաշրջաններում շատ անհանգիստ է. Իրանում առաջիկայում նախագահական ընտրություններ են, դրանից հետո ինչ իրավիճակ կլինի, հայտնի չէ»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Հմայակ Հովհաննիսյանը՝ ի պատասխան հարցի, որ ընդդիմությունը նշում է, թե առաջիկա չորս-հինգ տարիներին համապետական ընտրություններ նախատեսված չեն՝ ոչ նախագահական, ոչ խորհրդարանական, ուստիև հիմա է պետք մոբիլիզացնել ուժերը:
Քաղաքագետը այս գործոնների թվում քիչ կարևոր է համարում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցությունների վերաակտիվացումը, որոնք ասաց, որ վերջին շրջանում արդեն ձևական բնույթ են կրում: Նա նաև նշեց, որ այսօր արդեն Ռուսաստանը ձգտում է վերակենդանացնել «հոգեվարքի մեջ գտնվող բանակցային գործընթացը»:
«Եվ պարզ է , թե ինչու, որովհետև եթե կողմերը բանակցում են, շատ ավելի մեծ է հավանականությունը, որ պատերազմը չի վերսկսվի, եթե կողմերը չեն բանակցում, և դրանք փակուղում են, այդ դեպքում այն մեծանում է, ինչը Ռուսաստանին չի կարող չմտահոգել, քանի որ պատերազմի վերսկսման դեպքում ստիպված է լինելու ուղղակիորեն ներքաշվել այդ պատերազմական գործողությունների մեջ»,- ասաց Հմայակ Հովհաննիսյանը:
Այս համատեքստում քաղաքագետը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Ռուսաստան կատարած այցից անմիջապես հետո մեկնեց Լեռնային Ղարաբաղ՝ բանակցելու ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
ՀՀ իշխանություններին լարվածության մեջ պահող մյուս գործոնը, ըստ Հմայակ Հովհաննիսյանի, կլինի Սիրիայում գնալով ավելի սրվող իրավիճակը՝ հնարավոր արտաքին միջամտություններով ու դրանից բխող բոլոր հետևանքներով:
Բոլոր այս գործընթացները, ըստ քաղաքագետի, ուղեկցվելու են ԱՄՆ-ի հետ հնարավոր սրացումներով:
Եվ վերջապես, ՀՀ իշխանությունների համար գլխացավանքի մյուս՝ Ռուսաստանի գործոնը: «2015 թվականը ոչ միայն մեզ համար է խորհրդանշական, այլև Ռուսաստանի, այն առումով, որ եթե մենք նշելու ենք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը, ապա Ռուսաստանը՝ Մեծ հայրենական պատերազմում մեծագույն զոհերի կյանքի գնով տարած հաղթանակի 70-ամյակն է նշելու։ Եվ Պուտինը կցանկանար այս տարեթիվը նշանավորեր իր ինտեգրացիոն ծրագրերի առաջխաղացման գործում լուրջ ձեռքբերումներով, ինչը կարող էր դառնալ Եվրասիական Միությունը լայն ֆորմատով»,- ասաց քաղաքագետը:
Նա նաև նշեց, որ այս կառույցում Հայաստանի ընդգրկման հարցի գինը բացառիկ մեծ է Ռուսաստանի համար, քանի որ նրա խոսքով, եթե Հայաստանը մասնակցում է, ապա նշանակում է, որ մեր տարածաշրջանն այդ կառույցում ընդգրկվում է: Ինչպես հետխորհրդային տարածքի եվրոպական մասը՝ Բելառուսի մասնակցության շնորհիվ:










