Կալանավորը 5-րդ անգամ կարող է դատապարտվել՝ նախքան բուժում անցնելը թմրանյութ օգտագործելու համար
Հայաստանում դատավարությունների ձգձգվելու պատճառով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Սմբատյանի հետ հնարավոր է՝ տեղի ունենա արտառոց մի դեպք, երբ ազգային «Մետադոն» ծրագրում ընդգրկվելուց ու բուժման մեջ գտնվող կալանավորը, քրեական պատասխանատվության ենթարկվի իր՝ հիվանդ ժամանակ թմրանյութ օգտագործելու համար, այս մասին Tert.am-ին հայտնեց կալանավորի մայրը՝ Ռոզա Սարդարյանը։
««Մետադոնը» անցել էր, էտի օգնել էր, բայց քանի որ դեղը ընդունել էր դրանից առաջ, նոյեմբերի 26-ին, իսկ իրա դատն էլ եղավ շատ ուշ՝ չորս-հինգ ամիս հետո՝ մարտի 21–ին: Նույնիսկ դատախազը ծիծաղեց, ասեց՝ ինչ «Մետադոն» ծրագիր: Բայց հիմա էդ «Մետադոնի» տոկոսը 90–ից իջեցրել է 70-ի, քիչ-քիչ իջացնում է, ու բժիշկը ասում է շատ նորմալ ա»,- ասաց կալանավորի մայրը:
«Մետադոնային փոխարինող բուժման» ծրագրի մեջ ընդգրկված անձը պարտավորվում է բուժման ողջ ընթացքում առանց բժշկի նշանակման չօգտագործել որևէ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ:
Հիշեցնենք, որ Արթուր Սմբատյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվում է 2006 թվականի հոկտեմբերի 28-ից, և դատապարտված է եղել 2 տարի 6 ամիս ժամկետով, սակայն նա ևս չորս դատվածություն էր ավելացրել՝ չորս անգամ դատապարտվելով կալանավոյրում եղած ժամանակ թմրամիջոց պահելու ու օգտագործելու համար:
Իսկ հիմա, հնարավոր է՝ դատապարտվի 5–րդ անգամ, քանի որ ընդհանուր իրավասության դատարանը նրան այս հանցագործության համար ևս 2,6 տարի է ավելացրել:
Հիշեցնենք նաև , որ նախքան «Մետադոն» ծրագրում ընդգրկվելը Արթուր Սմբատյանը Tert.am-ին հայտնել էր, որ մի քանի անգամ ինքնասպանության փորձ է կատարել, (մեկ անգամ կախվելու, մյուս անգամ՝ ապակին կոտրելու և իր փորը մտցնելու միջոցով) բերանը կարել, ոտքերը մեխել՝ փորձելով այդկերպ ՔԿՀ-ի ուշադրությունը հրավիրել փաստին, որ իրենց անհրաժեշտ է մետադոնային ծրագրով բուժում անցնել, սակայն իրենից կաշառք էին պահանջել:
«Ինձ տանջում են, տանջելով սպանում են, ես ստիպված եմ գնում էս քայլին»,– այն ժամանակ ասել էր Արթուրը:
Այդ ժամանակ մեր հրապարակումից հետո, Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնել էր, որ կալանավորը ընդգրկվել է «Մետադոն» ծրագրում:
Արթուր Սմբատյանի փաստաբանը վերաքննիչ բողոքով բողոքարկում է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով Արթուր Սմբատյանին կալանքին ավելացել է ևս 2 տարի 6 ամիս:
«Ինձ փաստաբանը (ասել է - Tert.am), նաև զանգահարել եմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, այնտեղից ասացին, որ սա շատ-շատ են տվել: Իրեն մնացել էր 3, 5 տարի, հիմա դարձավ 7- 8 տարի»,- ասաց Ռոզա Սարդարյանը:
Արթուր Սմբատյանի վերաքննիչ դատաքննությունը տեղի կունենա մայիսի 13-ին:
Ռոզա Սարդարյանը Tert.am –ի հետ զրույցում դիմեց Սերժ Սարգսյանին՝ ասելով.« Էդքան Ձեզ ընտրում ենք, պարո՛ն Սերժ Սարգսյան, անընդհատ Ձեր հետ ենք, բայց ոչ մի կերպ չեք ուզում նստած մարդկանց փոխանակ օգնեք, ավելի գցում եք»:










