Հայտնաբերվել են Ղրղըզստանում կործանված ամերիկյան ինքնաթիռի օդաչուների մնացորդները

11:54 • 04.05.13

Հայտնաբերվել են Ղրղըզստանի մոտակայքում կործանված ամերիկյան КС-135 ինքնաթիռի անձնակազմի մարմինների մնացորդները. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։


Փրկարարները նշել են, որ դեռևս չեն ճանաչվել մնացորդները և հստակ հնարավոր չէ ասել, թե քանի դիակի մասին է խոսքը։ Կործանված ինքնաթիռում եղել է 3 մարդ, նրանք բոլորն էլ ԱՄՆ քաղաքացիներ են եղել։


«Ինտերֆաքս» գործակալությունն իր հերթին նշում է, որ հայտնաբերվել են երկու օդաչուների դիերը։


КС-135 ինքնաթիռը կործանվել էր երեկ՝ ամերիկյան «Մանաս» ռազմաբազայից օդ բարձրանալուց մի քանի րոպե անց։ Նախնական տվյալներով՝ ավիավթարի պատճառն ինքնաթիռի անսարքությունն է եղել։


Ինքնաթիռը պատկանել է ԱՄՆ ավիաբազային, որը տեղակայված է «Մանաս» օդանավակայանում։ Բազան գործում է 2001թ.-ից և օգտագործվում է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերին աջակցելու նպատակով։