Հայաստանն անասնաբուծության համար Շվեյցարիա է, ասում է Գանձակի գյուղապետը (տեսանյութ)

19:59 • 04.05.13

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի արդեն հինգ տարվա գյուղապետ Վանիկ Հարությունյանը կարծում է, որ մեր երկիրը անասնաբուծության համար Շվեյցարիա է, եթե պետությունն ամբողջովին հոգա ոլորտի խնդիրները։

 

«Ես միակ համայնքն եմ, որ ի սկզբանե անասնաբույժ եմ ունեցել, և նույնիսկ ինձ մեղադրում էին, թե դու իրավունք չունես անասնաբույժ պահել, ունեմ ու ոչ ոքի էլ չեմ լսելու, բայց դա նախարարության խնդիրն է»,- ասում է գյուղապետը՝ ավելացնելով, որ անասնաբույժի ծառայությունների դիմաց համայնքի բյուջեից է վճարում։


Վանիկ Հարությունյանն ասաց, որ եթե բժիշկը բուժում է մարդուն, ապա անասնաբույժը՝ մարդկությանը. «Գիտեք ինչքա՞ն հիվանդություններ կան, որ անասունից մարդուն են փոխանցվում, և 1000 մարդաբույժը մի անասնաբուժի թողած թերությունը չի կարող վերացնել»:


Կոմունիստ գյուղապետը չի մոռանում հիշել խորհրդային տարիները՝ փաստելով, որ այն ժամանակ կար անասնաբույժ, մինչդեռ հիմա գյուղատնտեսության նախարարությունը «մենակ վակցինատոր է պահում»:

 

«Բայց բրուցելոզը, տուբերկուլյոզը մասսայական բնույթ են կրում, չկա էնպիսի համայնք, որ բրուցելոզ չլինի, չմոռանանք նաև, որ աշնանը Վարդենիսի տարածքում սիբիրախտ հայտնաբերվեց, իսկ ո՞վ ասավ, որ հիմա օջախը մարեց, ո՞վ ասեց, որ հիմա չկա»,- ասաց նա՝ ընդգծելով, որ խոսում ենք հետևանքներից, պատճառներից չենք խոսում, իսկ պատճառը անասնաբույժ չլինելն է:

 

Ըստ գյուղապետի՝ անասնաբուժին այսօր վճարում են 20-25 000 դրամ որպես վակցինատոր. «Բայց էդ կենդանին և՛ հիվանդանում, և՛ ծին ա ունենում, բժիշկ պիտի լինի, օր կենդանուն հա՛մ բուժի, հա՛մ վակցիանցիա անի, և որպես գինեկոլոգ ծին ընդունի»:



Վանիկ Հարությունյանը կարծում է, որ անասնապահությունը ստրկություն է, որի բացատրությունն ինքն ունի.«Էդ կենդանիները արոտավայր են գնում, սար են բարձրանում, բնակլիմայական պայմանները, գելը, հազար կողմից ու էդ անասնապահն անտեր ա մնում, առանց անասնաբույժ, միջոցառում չի արվում»:

 

Ըստ նրա՝ խնդիրների լուծման համար առաջինը պետք է սկսել անասնաբուժությունից, քանի որ, եթե պիտի համաճարակ սկսվի, հետո միայն որոշեն այն կանխել, չարաչար սխալ մոտեցում է:


Գյուղապետի մեկ այլ մտահոգությունն այն է, որ վակցինատորներն օգնականներ չունեն: «Մի ցուլ էնտեղ պիտի սրսկի, ով բռնա էդ ցուլին, որ անասնաբույժը միջոցառումն անա: Տղամարդիկ արտագնա աշխատանքի են գնացել, և հիմա էդ տան կի՞նը պիտի էդ ցուլին բռնա, օր անասնաբույժը միջոցառումն անա, թվում ա թե, պարզ բան ա, բայց մեր կյանքը էդ մանր-մունր բաներից ա բարդանում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ գյուղացու բնամթերքը չի իրացվում, անասնաբույժ չունեն, էպիդեմիայի վտանգը միշտ կա. «Սա ա գյուղացու կյանքը»: