Զինված անձանց խումբն առևանգել է Նիգերիայի նախկին նավթի նախարարին
Զինված անձանց խումբն առևանգել է Նիգերիայի նախկին նավթի նախարար Շեթիմ Ալի Մոնգունոյին, հաղորդում է ИТАР-ТАСС գործակալությունը:
87-ամյա քաղաքական գործչին առևանգել են Մայդուգուրի քաղաքում, երբ նա դուրս էր գալիս մզկիթից` ուրբաթօրյա աղոթքից հետո: Ոստիկանության հաղորդմամբ հարձակումն իրականացրել են «Բոկա Հարամ» ծայրահեղ արմատական խմբավորման զինյալները, որոնք ցանկանում են Նիգերիայի հյուսիսում իսլամական հանրապետություն ստեղծել:
Նախարարի որդին հայտարարել է, որ առևանգողները կապ են հաստատել իր հետ և պահանջել են ազատ արձակել անվտանգության ուժերի կողմից ձերբակալված «Բոկա Հարամ» խմբավորման անդամներին:
Անվտանգության ծառայություններն ավելի վաղ հայտարարել էին, որ խմբավորումը փրկագին պահանջելու նպատակով մարդկանց առևանգելու առաքելությամբ հատուկ ջոկատ է ստեղծել: Երկու շաբաթ առաջ զինյալները «վաստակել էին» 3.5 մլն դոլար, որը վճարվել էր նրանց որպես փրկագին Կամերունում ֆրանսիացի ընտանիքի ազատ արձակման դիմաց:
ԶԼՄ-ները հայտնում են, որ զինյալների հետ վերջին բանակցություններում արդեն քննարկվում է փրկագնի չափը:










