Բանգլադեշում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 600-ի. հայտնի ընկերությունները խոստանում են օգնել տուժածներին

16:30 • 05.05.13

Բանգլադեշ երկրում շարունակվում է կարի ֆաբրիկայի փլուզված շենքի փլատակների տակից մահացածների մարմինների դուրսբերման գործընթացը, հայտնում է Russia Today-ը։ 

 

Համաշխարհային ընկերությունները, որոնց արտադրանքը կարվել է այս գործարանում, խոստացել են օգնել տուժածներին։ Դրանց թվում է նաև Benetton ընկերությունը, որը նախկինում հերքում էր իր կապը ֆաբրիկայի հետ։ Ընկերության ներկայացուցիչները հայտարարել են տուժածների համար բարեգործական հիմնադրամի բացման մասին։

 

Ավելի վաղ Benetton-ը կտրականապես հերքել էր իր կապն առևտրի կենտրոնի հետ՝ նշելով, որ իրենց արտադրանքը հնարավոր չէր գնել փլուզված Rana Plaza-ում։ Սակայն հետագայում ընկերությունը ստիպված էր հետ վերցնել իր խոսքերը, քանի որ լուսանկարներից մեկում պարզ երևում է Benetton-ի ֆիրմային վերնաշապիկը։

 

Բանգլադեշում ապրիլի 24-ին տեղի ունեցած շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 610-ի։ Դեպքի վայրում աշխատանքները շարունակվում են։ Շենքում տեղակայված էին կարի ֆաբրիկաներ և առևտրի կենտրոններ։

 

Հայտնի է, որ այս ֆաբրիկաներում բանգլադեշցիներն ամսական միջինը 38 դոլար վարձատրությամբ արտադրել են հագուստ եվրոպական և ամերիկյան հայտնի ապրանքանիշերի համար։