Մահացել է Facebook-ի ամենատարեց տղամարդ օգտատերը

17:30 • 05.05.13

105 տարեկանում մահացել է սոցցանցերի ամենատարեց օգտատերը համարվող ազգությամբ հույն Լեոնիդաս Պանուցոպուլոսը, հայտնում է Russia Today-ը։ Նա ուներ 2 դուստր, 1 թոռ, 3 թոռնուհի և 9 ծոռ, որոնցից ամենամեծն արդեն 30-անց է։

 

Գրանցվելով Facebook-ում՝ նա «ընկերացել» է իր երեխաների ընկերների, նրանց երեխաների երեխաների, գործընկերների և հարևանների հետ. ընդհանուր առմամբ՝ նա ուներ 5.000 «ընկեր»։ Լեոնիդաս պապիկը, ինչպես նրան անվանում էին համացանցային ընկերները, բլոգ էր վարում և լուսանկարներ տեղադրում։

 

Ժամանակին նա դժգոհություն էր հայտնել, որ չի կարող նշել իր ծննդյան ճիշտ թվականը՝ 1908, քանի որ նման թիվ ցուցակում պարզապես չկա։


«Ինչո՞ւ։ Մի՞թե «երրորդ սերնդի» մարդիկ իրավունք չունեն գրանցվել սոցկայքում»,- գրել էր նա իր էջում գրանցվելուց անմիջապես հետո։

 

Պանուցոպուլոսի մահվան մասին լուրն իմանալուց հետո հարյուրավոր մարդիկ ցավակցական հաղորդագրություններ են թողել։