Իտալիայի հյուսիսային շրջանում միաժամանակ երկրաշարժ և փոթորիկ է տեղի ունեցել
Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտն այսօր նոր 3,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցել երկրի հյուսիսում գտնվող Ֆերրարա նահանգում, որին հետևել են երկու զգալի տատանումներ, հայտնում է ИТАР-ТАСС-ը:
Միրաբելլո քաղաքում, որտեղ 8 կմ խորության վրա գտնվում է տատանումների էպիկենտրոնը, բնակիչները տներից փողոց են դուրս եկել: Այս պահին զոհերի կամ վնասների մասին ոչինչ չի հաղորդվում. իշխանությունները ստուգում են տաճարների, դպրոցների, հիվանդանոցների և այլ հասարակական շինությունների ապահովությունը:
Փորձագետները զարմացած են. Էմիլիա-Ռոմանիայի նույն շրջանում այսօր ևս մեկ աղետ է տեղի ունեցել: Ուժեղ փոթորիկը օդ է հանել ծառեր, շինություններ և ընտանի կենդանիներ:
Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ 13 բնակիչներ վիրավորվել են, իսկ հարյուրավորներն անօթևան են մնացել:










