Պապուայի անջատողականները Օքսֆորդում գրասենյակ են բացել, ինչն անհանգստացրել է Ինդոնեզիային
Ինդոնեզիան պաշտոնական բողոք է հայտնել Մեծ Բրիտանիայի կառավարությանը կապված այն բանի հետ, որ Պապուայի անջատողական կազմակերպությունն իր գրասենյակն է բացել Օքսֆորդում, հայտնում է BBC-ի ռուսկան ծառայությունը:
«Ազատ Պապուա շարժումը» 44 տարի առաջ հիմնադրված ռազմականացված կազմակերպություն է, որի նպատակն է Պապուա և Արևմտյան Պապուա նահանգների անկախացումը Ինդոնեզիայից:
«Ազատ Պապուա շարժման» գրասենյակը Օքսֆորդ քաղաքում բացել են շարժման ներկայացուցիչները, ովքեր անցյալ շաբաթ փախել են Ինդոնեզիայից: Ի դեպ, Ինդոնեզիայում շարժման գործողություններն արգելվում են:
Ինդոնեզիայի արտգործնախարար Մարտի Նատալեգավան հայտարարել է, որ այս միջադեպը կարող է վնասել բրիտանա-ինդոնեզական հարաբերություններին: Բացատրություններ տալու համար նախարարություն են կանչել Բրիտանիայի դեսպանին:
Մեծ Բրիտանիայի Արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Օքսֆորդի քաղաքապետարանը կառավարության մաս չի կազմում և իրավունք ունի աջակցելու ցանկացած կազմակերպության: Բրիտանիայի նախարարությունից նաև հայտնել են, որ Լոնդոնը Պապուան համարում է Ինդոնեզիայի մի մասը:










