Ժամը 10.00-ի դրությամբ ոստիկանությունը քննել է 23 դեպք, հարուցվել է 2 քրեական գործ
Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում տեղի ունեցած ընտրախախտումների վերաբերյալ ստացված տեղեկություններով՝ ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ ոստիկանությունում քննարկվել և քննարկման փուլում է գտնվում 23 դեպք, որից 11-ը՝ ընտրակաշառքների, 6-ը՝ քարոզարշավը խոչընդոտելու, 2-ը ծեծի և վիճաբանության, 1-ը՝ լրագրողի գործունեությունը խոչընդոտելու, 1-ը՝ հավաքներ անցկացնելուն խոչընդոտելու, 1-ը՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն կատարելու, 1-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:
Այս տվյալները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկատվական կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդեց ՀՀ ոստիկանության Իրավաբանական վարչության պետ Թաթուլ Պետրոսյանը:
Նախընտրական շրջանում հարուցվել է երկու քրեական գործ, իսկ իսկ 16 նյութեր գտնվում են ընթացքի մեջ:
«Հիշյալ դեպքերից որպես ստուգման ենթակա տեղեկություն նախապատրաստվել է 2 նյութ և անհիմն լինելու պատճառով եզրակացությամբ թողնվել է անհետևանք, 3 դեպքերով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ»,-ասաց Թաթուլ Պետրոսյանը:
Նա նշեց, որ Ոստիկանապետի հրամանով, այսօր Երևանի բոլոր 464 ընտրատեղամասերում ծառայություն են իրականացնում 5-ական ոստիկաններ: Օրվա ընթացքում շարունակելու է գործել Ոստիկանության թեժ գիծը, սակայն այսօրվա ընթացքում, այս պահի դրությամբ ոստիկանությունը հաղորդումներ չի ստացել:
Ամբողջական ցանկը՝ այստեղ:










