ԱՄՆ-ում ուսուցչին պատժել են դասի ժամանակ աշխատանքային գործիքներ ցուցադրելու համար

00:30 • 05.05.13

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում դպրոցի ուսուցիչներից մեկին արգելել են դասավանդել այն բանի համար, որ նա դպրոց է բերել մի քանի կենցաղային գործիքներ: Վիրավորված ուսուցիչը մտադիր է իր իրավունքները պաշտպանել դատարանում, հայտնում է Russia Today-ը:


Դեպքը տեղի էր ունեցել 2011-ին: Աշխատանքի ուսուցում դասավանդող Դաուգ Բարլեթն իր հետ գործիքների կապոց էր բերել, որպեսզի դասի ժամանակ երկրորդ դասարանցի աշակերտներին բացատրի, թե ինչպես են դրանք կիրառում:


Ուսուցչի փաստաբանը պնդում է, որ նա միայն ցուցադրել է աշխատանքային գործիքները, և դրանք չեն հայտնվել երեխաների ձեռում: Սակայն դեպքից մեկ շաբաթ անց դպրոցի ղեկավարությունը մեղադրել է ուսուցչին՝ երեխաների վատ վերահսկողության և պարտականությունների անփույթ կատարելու համար:


Դպրոցի տնօրինությունը պատիժ է կիրառել ուսուցչի նկատմամբ նրան 4 օրով հեռացնելով դասերից և աշխատավարձից պահումներ անելով:



Այժմ ուսուցիչն իր փաստաբանի հետ միասին փորձում է դատարանի միջոցով փոխհատուցում ստանալ՝ պահանջելով դպրոցի փաստաթղթերում ջնջել իր հանդեպ ներկայացված մեղադրանքները: