Երևանում ավագանու ընտրություններ են. մայրաքաղաքը այսօր կունենա իր 55–րդ քաղաքապետը

08:27 • 05.05.13

Երևանի 13 ընտրատարածքների 464 ընտրական տեղամասերում այսօր առավոտյան ժամը 8.00–ից մինչև 20.00 –ն տեղի կունենա Երևանի ավագանու ընտրություններ, որի արդյունքում Երևանը կունենա իր 55–րդ քաղաքապետը:


Մայիսի 3–ին ոստիկանությունը հրապարակել էր մայրաքաղաքի ընտրողների վերջնական ցուցակը, որը ներառում է 816 475 մարդ: Ինչպես տեղեկացրել էր Ոստիկանության կայքը, դրանցից շուրջ 3000-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող և ընտրելու իրավունք ունեցող անձինք են:
 


Ավագանու ընտրություններում պայքարում են յոթ քաղաքական ուժեր՝ Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան» , «Օրինաց երկիր», Հայ Յեղափոխական Դաշնակցություն, «Հայ ազգային կոնգրես», «Առաքելություն» կուսակցությունները և մեկ նախընտրական՝ «Բարև Երևան» դաշինքը:


Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ Երևանի ավագանու լիազորությունների թվում են՝ ընդունել կանոնակարգ, սահմանված կարգով ընտրել քաղաքապետ: Քաղաքապետի ընտրություններն անցկացվում են նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում:


Ըստ Երևանի մասին օրենքի՝ եթե ավագանու ընտրությունների արդյունքով ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկն ստանում է ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա այդ կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը օրենքի ուժով համարվում է ընտրված քաղաքապետ:


Եթե այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին հորիզոնականում գտնվող անձը չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, հրաժարվում է կամ ավագանու ընտրությունների արդյունքով որևէ կուսակցություն չի ստանում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին, ապա քաղաքապետն ընտրվում է գաղտնի քվեարկության միջոցով:


Ավագանու խմբակցությունները կարող են իրենց կուսակցության թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում տեղ զբաղեցրած անձին առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, իսկ եթե վերջինս հրաժարվում է կամ չի համապատասխանում քաղաքապետին առաջադրվող պահանջներին, ապա խմբակցությունը կարող է առաջադրել տվյալ կուսակցության թեկնածուների ցուցակի համապատասխանաբար հաջորդ այն անձին, որը համաձայն է առաջադրվել որպես թեկնածու և համապատասխանում է քաղաքապետին առաջադրվող պահանջներին: