Երեկվա ընտրություններին ոչ մի անսպասելի բան չի եղել. Ալեքսանդր Իսկանդարյան

16:28 • 06.05.13

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ երեկ Երևանում տեղի ունեցած ավագանու ընտրություններին ոչ մի անսպասելի բան չի եղել։


«Ես սպասել եմ նման արդյունքների, դժվար էր ակնկալել ինչ–որ ուրիշ բան երկու ամիս առաջ տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո»,–այսօր կայացած ասուլիսին ասաց նա՝ նշելով, որ սպասել, որ նախնական արդյունքներում հաղթած Հայաստանի Հանրապետական կուսակցությունը քիչ ձայն կհավաքեր, կնշանակեր սպասել ինչ–որ արտառոց բանի։


Ըստ նրա՝ ընտրություններին մասնակից ուժերը կարող էին մի քիչ ավել, մի քիչ պակաս ձայներ հավաքել, բայց ամեն ինչ եղավ այնպես, ինչպես սպասվում էր։ «Ես չեմ սպասել, որ որևէ թեկնածու կհաղթի՝ Տարոն Մարգարյանից բացի, և այս ընտրություններին խնդիրը ծրագրային չէր»,– հավելեց նա։


Քաղաքագետը նշեց, որ բոլորս կյանքի նոր փուլ ենք թևակոխում երկու իմաստով, նախ՝ ընտրություններ առաջիկա 4 տարին չեն լինելու, երկրորդ՝ ՀՀԿ–ն վերցրել է երկրի բոլոր կարևոր պաշտոնները՝ նախագահ, Ազգային ժողովի նախագահ և հիմա նաև Երևանի քաղաքապետ։


«Առաջիկա 4 տարիներին կտեսնենք, թե քաղաքական գործիչներն ինչպես կաշխատեն»,– ասաց նա՝ ընդգծելով, որ հեղափոխություն անելու համար պետք է աշխատել ամեն պահ, ոչ միայն մայրաքաղաքում, այլ ամեն տեղ։ Իսկ եթե դա չարվի, ապա նորից հաջորդ ընտրություններին նույն վիճակն է լինելու. «Իշխանությունը ոչ ոք չի տալիս, այն պետք է վերցնել»։


Քաղաքագետի կարծիքով՝ բոլոր քաղաքական ուժերը պետք է մասնակցեին փետրվարի 18–ին կայացած նախագահական ընտրություններին։ Նրա խոսքով՝ ավագանու ընտրությունների արդյունքները հենց այդ ընտրության արդյունքները չեն, խաղը տանուլ էր տրված այն ժամանակ, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեց ընտրություններին։


«Պրավալը այս ընտրությունների արդյունքը չէ, այն արդյունք է այն ամբողջ ցիկլի, որը սկիզբ է առել ԱԺ ընտրությունների ժամանակ»,– ասաց նա։