Արգենտինայում ավտոբուսի վարորդների գործադուլի պատճառով տուժել են 100 հազար ուղևորներ

01:06 • 06.05.13

Արգենտինայում շարունակվում է միջքաղաքային ավտոբուսների վարորդների և տրանսպորտային ընկերությունների աշխատակիցների գործադուլը, որը սկսվել էր հինգշաբթի օրվանից: Ավելի քան 100 հզ ուղևորներ դարձել են ստեղծված իրավիճակի պատանդները, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցներին:


Միջքաղաքային և միջազգային ավտոբուսներն արգենտինացիների համար հանդիսանում են երկար ճանապարհներ հաղթահարելու հիմնական փոխադրամիջոցը: Երկրում ներքին չվերթներն այնքան էլ շատ չեն: Բացի այդ, ինքնաթիռի տոմսերն ավելի թանկ արժեն, քան ավտոբուսինը, իսկ երկաթուղային տրանսպորտային համակարգը երկրում այնքան էլ լավ զարգացած չէ: Արգենտինայի Տրանսպորտի նախարարության տվյալներով, ավտոբուսներին բաժին է ընկնում երկրի ներսում ուղևորների փոխադրման 90 տոկոսը:


Գործադուլի կազմակերպիչներն արհմիություններն են, որոնք երկրի իշխանություններից պահանջում են ավելացնել վարորդների աշխատավարձը և հրաժարվել «հեռացումով սպառնալուց»: Արհմիությունների և տրանսպորտի նախարարության միջև բանակցությունները ոչնչի չեն հանգեցրել: Նախարար Ֆլորենտինո Ռանդացոն գործադուլը համարել է արհմիությունների կողմից կազմակերպված դավադրություն: Իշխանություններն արդեն տուգանել են մի քանի ընկերությունների «ուղևորներին ծառայություն չմատուցելու» համար: