Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն. ՀՅԴ ԳՄ հայտարարությունը

15:55 • 06.05.13

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը երեկ կայացած Երևանի ավագանու ընտրությունների կապակցությամբ հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.


Չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից


Մայիսի 5-ի ընտրություններին ՀՅ Դաշնակցությունը մասնակցեց՝ նպատակ ունենալով երկրում փոխել բարոյահոգեբանական մթնոլորտը, մեր քաղաքացիներին վստահություն ու ապագայի հույս ներշնչել:


Մենք փորձեցինք հիմնավորել իշխող կուսակցության քաղաքական մենաշնորհը վերացնելու անհրաժեշտությունը, մայրաքաղաքի արդյունավետ կառավարման ծրագիր առաջարկեցինք:


Հավատով ու անկեղծորեն տարանք մեր քարոզարշավը՝ ձգտելով երևանցիներին գաղափարա-ծրագրային ընտրություն կատարելու հնարավորություն տալ:


Եղավ՝ ինչ եղավ: Հերթական անգամ պետության և իշխող կուսակցության նույնացումը, վարչական ռեսուրսի անսահման կիրառումը, համատարած ընտրակաշառքն արեցին իրենց գործը:


Իշխանական մենաշնորհը ավելի կարծրացավ: Նրանք այլևս երկիրն ու Երևանը միանձնյա կառավարելու հնարավորություն ունեն: Կսպասենք արդյունքներին, թեև դրանք մեզ համար կանխատեսելի են:


Ցավոք, այս անգամ էլ մեզ չհաջողվեց մեր հասարակության մեջ ազատ քաղաքացու, արժանապատվորեն ընտրություն կատարողի գիտակցություն ձևավորել:


Մենք շնորհակալ ենք Դաշնակցությանը ձայն տված երևանցիներին: Վստահ եղեք՝ մենք գիտենք այդ ձայների իրական արժեքը:


Եվ նրանց, և բոլոր երևանցիներին, և Հայաստանի քաղաքացիներին մենք խոստանում ենք, որ չենք նահանջելու մեր սկզբունքային դիրքերից, չենք դադարեցնելու ամենօրյա աշխատանքը հանուն մեր երկրում արմատական փոփոխությունների, մեր քաղաքացիների ազատության և բարեկեցության:


06 մայիս 2013

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին