Լիբիայում Կադաֆիի աջակիցներին արգելվել է բարձր պաշտոններ զբաղեցնել կառավարության նոր կազմում

14:40 • 06.05.13

Լիբիայի Գերագույն ազգային կոնգրեսը հավանության է արժանացրել «Քաղաքական մեկուսացման մասին» օրենքը, համաձայն որի՝ նախկին առաջնորդ Մուամար Կադաֆիի 42 տարի տևած իշխանության օրոք բարձր պաշտոններ զբաղեցրած գործիչներին արգելվում է պաշտոններ ստանալ ներկայիս կառավարությունում։

 

Ինչպես նկատում է Al Arabiya-ն, սա կարող է հանգեցնել նրան, որ գործող վարչապետ Ալի Զեյդանը ստիպված լինի հրաժարական տալ: Թեև 1980թ. Զեյդանը փախել է երկրից ու միացել ընդդիմությանը, այնուհանդերձ, նախքան այդ, նա բարձր պաշտոն է զբաղեցրել Կադաֆֆի կառավարությունում։

 

Նոր օրենքի համաձայն՝ Կադաֆիի օրոք քաղաքական, տնտեսական և կրթական պաշտոններ զբաղեցրած անձանց արգելվում է քաղաքական գործունեություն ծավալել կառավարության նոր կազմում։ Բացի այդ, օրենքը տարածվում է նաև նրանց վրա, ովքեր, օգտագործելով կրոնը, փորձել են խոչընդոտել մարդկանց մասնակցել 2011թ. Լիբիայում տեղի ունեցած հեղափոխությանը, որի հետևանքով Կադաֆին տապալվեց։