Մանդատները վայր դնելով՝ կանխել Հայաստանի «թուրքմենստանացումը». Մանուկ Սուքիասյան
Նորաստեղծ «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը կոչ է անում, որպեսզի բոլոր այն ուժերը, ովքեր հաղթահարել են նվազագույն շեմը և գտնում են, որ Երևանի ավագանու ընտրություններն ուղեկցվել են համատարած ընտրակեղծիքներով և ունենք ոչ արժանահավատ արդյունքներ, վայր դնեն իրենց մանդատները:
Առաջարկը վերաբերվում է «Բարև Երևան» դաշինքին ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը:
Ի պատասխան հարցի, որ հինգ տարի առաջ «Հայ ազգային կոնգրեսը» վայր դրեց մանդատները, սակայն նորից պայքարում էր մանդատների համար, ի՞նչ կարող է տալ ներկայացված առաջարկը, Մանուկ Սուքիասյանն ասաց. «Եթե մենակ «Բարգավաճը» կամ «Բարև Երևանը» դնեն, դա ոչինչ չի տա, բայց եթե երկուսն էլ դնեն, որակապես այլ իրավիճակ կստեղծվի»:
Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ միասնական այդ մոտեցմամբ հնարավոր կլինի շատ ավելի լուրջ քաղաքական հարցեր լուծել և կանխել ողջ երկրի «թուրքմենստանացումը», նաև յուրատեսակ ընդդիմադիր ֆորմատ ստեղծել, որը կկոորդինացնի ընդդիմության հետագա գործունեությունը։
Ըստ «Առաքելության» անդամի՝ նման պայմաններում անցկացված ընտրություններում գնալ և ստանձնել փոքրամասնության դերը , նշանակում է ընդունել թե ՛ խաղի կանոնները և թե՛ այդ քաղաքականության մեթոդները:
Ըստ «Առաքելություն» կուսակցության անդամի՝ սրան պետք է հետևի մեկ ընդհանուր հանրահավաք, որի ժամանակ համատեղ քաղաքական գնահատական կտրվի Երևանի մայիսի 5-ի ավագանու ընտրություններին:
Ընտրությունների վերաբերյալ «Առաքելության» գնահատականը կտարածվի ավելի ուշ, իսկ մինչ այդ կուսակցության քաղխորհրդի անդամը ձեռնպահ մնաց մեկնաբանություններից:
Նաև չպատասխանեց այն հարցին, թե նորաստեղծ կուսակցության անհաջողության պատճառն այն էր, որ իրենց կարծիքով ՝ իրենց ձայներն էլ էին կեղծվել, թե պատճառը իրենց նոր լինելն էր:










