Սև PR-ը պետք է օգտագործվի մշակված և «ճշգրիտ» մարդկանց կողմից. Արամ Նավասարդյան

11:04 • 06.05.13

Gallup International Association ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանի կարծիքով՝ սև PR-ը կարող է երբեմն և հակառակ էֆեկտն ունենալ և շրջվել այն օգտագործողի դեմ:


«Իսկ դատավորնե՞րն ովքեր են, հա՞, այս դեպքում կարող է այս հարցը աշխատել: Օրինակ՝ ինձ շատ էր զարմացնում, որ Տարոն Մարգարյանի հայտարարագրված ունեցվածքի մասին խոսում էին մարդիկ, օրինակ՝ «Հայ ազգային կոնգրեսից» Վլադիմիր Կարապետյանը, այն դեպքում, երբ մենք շատ լավ հիշում ենք, որ Ազգային ժողովի ընտրություններն էին և նա գնաց «Արմնյուզում» հաղորդման և այնտեղ ՀՀԿ-ի ներկայացուցիչները բերեցին փաստեր, որ Վլադիմիր Կարապետյանն ունի դղյակ»,– ասաց նա:


«Եվ նա այդպես էլ չկարողացավ բացատրել, թե երկու տարի աշխատելով արտգործնախարարությունում, ինչպես է կարողացել ձեռք բերել այդ դղյակը: Նենց տպավորություն է, որ իրենք կարծում են, որ մարդկանց մոտ հիշողությունները շատ կարճ են»,- Tert.am–ի հետ զրույցում ասաց Արամ Նավասարդյանը:
Ի պատասխան հարցի, թե թվում էր, որ նպատակը շատ հստակ է՝ ընտրողի մոտ հարց դնել, թե որտեղե՞ց պետական չինովնիկին այդքան ունեցվածք, Արամ Նավասարդյանը ասաց, թե ինքը չի ասում, որ չի աշխատել և կարծում է, որ դա որոշակի ազդեցություն ունեցել է:


«Եվ, միգուցե, եթե սև PR-ը չլիներ, հանրապետականներն ավելի շատ ձայներ ունենային։ Ուղղակի չեմ կարող ասել, որովհետև, երբ մենք իրականացնում էինք մեր հարցումները, այն ժամանակ այդ հարցը չէր բարձրացվել ընդդիմության կողմից: Բայց ամեն դեպքում, հանրապետականներն ինչ-որ ձևով հակաքարոզոչությունն իրականացրին: Այսինքն` թողնում էին, որ այդ ամեն ինչի մասին բարձրաձայնվեր, բայց մյուս կողմից էլ ասում էին, որ Տարոն Մարգարյանը այն եզակի գործիչներից մեկն է, որը հայտարարագրել է այն, ինչ ունի: Կարող էին չէ՞ դա գրանցել բարեկամների վրա»,– ասաց նա:


Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ բոլոր 464 տեղամասերում նվազագույն անհրաժեշտ շեմը հաղթահարում են 3 քաղաքական ուժ՝ ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև Երևան դաշինքը, որոնք ստացել են ձայների համապատասխանաբար՝ 55.89, 23.07 և 8.48%: Մյուս 4 կուսակցությունները չեն հավաքել անհրաժեշտ 6% ձայները, հետևաբար նրանց բաժին հասած 12.56% ձայները ևս կբաշխվեն ավագանու ընտրություններում հաղթած երեք քաղաքական ուժերի միջև։
Արդյունքում ձայների վերջնական բաշխումը կունենա հետևյալ տեսքը՝ ՀՀԿ՝ 62.91, ԲՀԿ՝ 25.97 և «Բարև Երևան» դաշինք՝ 11.12%: Ավագանու անդամների քանակը նախնական տվյալներով կունենա հետևյալ բաշխումը. ՀՀԿ 41 անդամ, ԲՀԿ՝ 17 անդամ և «Բարև Երևան» դաշինք՝ 7 անդամ։


Արամ Նավասարդյանն առանձին կանգ առավ այս պահին անցողիկ շեմը չհաղթահարող Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության քարոզարշավի վրա ասելով, որ սխալ էր նրանց կողմից Րաֆֆի Հովհաննիսյանի համար արդեն «բրենդ» դարձած «բարևային» քարոզարշավն ընդօրինակելը: «Տեսնում էինք, որ միանշանակ կրկնում էին այն ստրատեգիան, որը կիրառել էր «Ժառանգություն» կուսակցությունը, որովհետև որևէ մեկս չենք հիշում, որ Դաշնակցությունը դուրս գա և անի այն, ինչ անում էին էս վերջին շաբաթվա ընթացքում»,- ասաց նա:


Ի պատասխան հարցի, թե ՀՀԿ-ի 55.89, ԲՀԿ-ի 23.07 և «Բարև Երևանի» 8.48% տոկոս ձայները, ինչպես նաև մյուս կուսակցությունների նվազագույն շեմը չհաղթահարելը որքանո՞վ է համապատասխանում իրենց հարցման վերջին փուլի արդյունքներին, Արամ Նավասարդյանը նշեց.«Ես այն ժամանակ ասացի, որ 26 տոկոս չկողմնորոշվածներինը շատ վտանգավոր է, որը կարող է բաշխվել և՛ ընդդիմության ձայների վրա, և՛ գնալ հանրապետականների ձայների վրա»:


Հիշեցնենք, որ այդ հարցման արդյունքներով՝ ՀՀԿ-ին տրվել էր երևանցիների 41%-ի ձայները, Տարոն Մարգարյանին՝ անձամբ մոտ 57%, «Բարգավաճ Հայաստանին»՝ մոտ 14% , իսկ չկողմնորոշվածների տոկոսը կազմել էր մոտ 26:

Լուսանկարը՝ Aravot.am-ի