ԱՄՆ-ի 3 նահանգի իշխանությունները հրաժարվել են Ցարնաևի համար գերեզմանատներում տեղ հատկացնել

08:53 • 06.05.13

ԱՄՆ-ի 3 նահանգի՝ Մասաչուսեթսի, Կոնեկտիկուտի և Նյու Ջերսիի իշխանությունները հրաժարվել են գերեզմանատներում տեղ տրամադրել Բոստոնի ամենամյա մարաթոնի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության ենթադրյալ կազմակերպիչ Թամերլան Ցարնաևին հուղարկավորելու համար, հայտնում է ИТАР-ТАСС-ը։


Ներկայում 26-ամյա Ցարնաևի դին գտնվում է Մասաչուսեթսի Վուստեր քաղաքի դիահերձարանում, որի առաջ տեղի բնակիչները ցույցեր են կազմակերպել՝ պահանջելով նրան հուղարկավորել Միացյալ Նահանգների տարածքից դուրս։


Մինչդեռ նրա հորեղբայրը՝ Ռուսլան Ցարնին, ով ԱՄՆ է եկել ազգականի դին վերցնելու համար, ԶԼՄ-ներին հայտնել է, որ Ցարնաևն ապրել, մեծացել է Ամերիկայում, ուստի նրա հայրենիքը հենց ԱՄՆ-ն է, որտեղ էլ նա պետք է հուղարկավորվի։


Ավելի վաղ նշվում էր, որ կասկածյալ ահաբեկչի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 6-ին՝ մուսուլմանական ավանդույթի համաձայն մայրամուտի ժամանակ։