Արգել համայնքում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդության ախտանշաններով դեպքեր

19:09 • 07.05.13

Առողջապահության նախարարության իրականացրած համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանի Արգել համայնքի տարբեր թաղամասերի բնակչության շրջանում արձանագրվում են աղեստամոքսային հիվանդության դեպքեր:


Հիվանդների 70% -ը 0-14 տարեկան երեխաներ են, հաղորդում է Առողջապահության նախարարության կայքը:

 

Մայիսի 7-ի դրությամբ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում հոսպիտալացված է 3, Նաիրիի ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքում` 1 հիվանդ: Հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, հիվանդներն ունեն առողջացման դրական շարժընթաց:

 

Հիմք ընդունելով իրականացված հետազոտութունների արդյունքները՝ Արգել համայնքի բնակչության շրջանում արձանագրված աղիքային վարակիչ հիվանդությունների ախտանշաններով հիվանդության դեպքերի հավանական աղբյուրը համարվում է խմելու ջուրը:

 

Նախարարության կայքում նաև նշվում է, որ հիվանդության հետագա տարածումը կանխելու նպատակով իրականացվում են ներքոհիշյալ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները`


• անջատվել է ոռոգման ջրի համակարգը,


• իրականացվում են խմելու ջրի վարակազերծման աշխատանքներ,


• իրականացվում է խմելու ջրի համակարգի վթարների ակտիվ հայտնաբերում,


• խստացվել է հսկողությունը խմելու ջրի համակարգի նկատմամբ,


• նոր հիվանդների վաղաժամ հայտնաբերման նպատակով իրականացվում է բակային համայց, որի արդյունքում հայտնաբերվել   է մեկ հիվանդ և տեղափոխվել Նորք ինֆեկցիոն հիվանդանոց,


• հիվանդների նկատմամբ կազմակերպվել է համապատասխան բուժում,


• մանրէաբանական հետազոտությունների համար` ինչպես կասկածելի հիվանդներից, այնպես էլ խմելու ջրի համակարգից      իրականացվել են նմուշառումներ,


• բնակչությանն ապահովվել է ախտահանիչ նյութեր,


• բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:

 

Խմելու ջրի լաբորատոր հետազոտություններն ընթացքում են: