Հայ–թուրքական արձանագրությունները պետք է չեղյալ համարել. Արա Պապյան
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը համարում է, որ հայ–թուրքական արձանագրությունները՝ որպես ժամկետանց փաստաթուղթ, պետք է չեղյալ հայտարարել։
«Արձանագրությունների մեջ կան այնպիսի ձևակերպումներ, որոնք կարող են վերափոխվել և հարված հասցնել Արցախին»,– այսօր կայացած ասուլիսին ասաց նա։
Վերջինիս խոսքով՝ այսօր միջազգային հանրությունը աստիճանաբար ավելի շատ է գիտակցում, որ կայունության և խաղաղության հաստատումը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ, այսինքն՝ ԼՂ խնդիրը դիտարկվում է որպես խոչընդոտ։
Ըստ նրա՝ հարց է առաջանում, որ եթե հայ–թուրքական արձանագրությունները վավերացնեն, հայկական կողմն ի՞նչ պետք է անի։ Ըստ նրա՝ 2015 թվականին ընդառաջ Թուրքիայում հայերի նկատմամբ վատ վերաբերմունքը շարունակվելու է։
«Եվ մենք նրանց չեզոքացնելու համար պետք է գայթակղությունը կոտրենք, քանի որ արձանագրություններում բաներ կան, որոնք պետք է մանրակրկիտ մշակվեն և արվեն»,– նշեց նա և ավելացրեց, որ պետք է պահանջել նաև Կարս–Գյումրի երկաթգծի բացումը։
Արա Պապյանը նաև ասաց, որ այսօր մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որ սոցիալապես խոցելի ենք, ինչից կարող են օգտվել թուրքերը։ «Արձանագրությունները ստորագրելուց առաջ պետք էր լավ մտածել։ Ի վերջո, քանի՞ անգամ կարելի է թուրքերից խաբվել»,–ասաց նա։
Քաղաքագետի կարծիքով՝ հայ–թուրքական հարաբերություններում հայկական կողմի համար Հայոց ցեղասպանության հետևանքների վերացումն է նպատակ, ոչ թե ճանաչումը։
«Քիչ հավանական եմ համարում, բայց չեմ ժխտում, որ Թուրքիան 2015–ին ընդառաջ գա, մի ծաղկեպսակ դնի Ծիծեռնակաբերդում ու ասի՝ կներեք։ Իսկ դա չի նշանակում, որ հատուցում է»,– ասաց նա՝ ընդգծելով, որ մենք չունենք իրավական փաթեթներ գույքային հատուցման մասին։










