Ադրբեջանի խորհրդարանը Համաներման մասին ակտ է ընդունել

14:50 • 07.05.13

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի Մեջլիսը, Հեյդար Ալիևի 90-ամյակի առթիվ (1993-2003թթ. Ադրբեջանի նախագահ) Համաներման ակտ է ընդունել, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

 

Այս օրինագիծը երկրի մեջլիսին ներկայացրել է հանրապետության առաջին տիկին, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի ղեկավար, պատգամավոր Մեհրիբան Ալիևան։


Նա Հեյդար Ալիևի ծննդյան 90-ամյակի առթիվ նման օրինագծի ընդունումը խորհրդանշական քայլ է համարել։
 

Համաձայն ներկայացված նախագծի՝ ազատ են արձակվելու կանայք, ովքեր հասարակության համար լուրջ վտանգ չեն ներկայացնում և ձերբակալվել են թեթև հանցագործությունների համար, նրանք, ովքեր հանցագործությունն իրականացնելիս 18 տարեկանից փոքր են եղել, առաջին և երկրորդ կարգի հաշմանդամները, 60 տարեկանն անց տղամարդիկ, այն անձինք, որոնց խնամքին անչափահաս երեխաներ, կամ առաջին ու երկրորդ խմբի հաշմանդամներ կան, ովքեր մասնակցել են Ադրբեջանի համար մարտերին և այլն։

 

Ընդհանուր առմամբ՝ համաներումը տարածվելու է մոտ 9000 դատապարտյալի վրա։ Ակնկալվում է, որ այդ ակտով ազատ կարձակվի ավելի քան 2.000 դատապարտյալ։


Օրինագծին կողմ է քվեարկել 114 պատգամավոր։