Մանդատ վերցնելը չի նշանակում ընդունել ընտրության արդյունքները. Արմեն Մարտիրոսյան

14:08 • 07.05.13

«Բարև Երևան» դաշինքի ցուցակը գլխավորող Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ դաշինքը Երևանի ավագանու կազմում ոչ միայն պետք է ներկայացնի իր ընտրողների շահերը, այլ ողջ ընդդիմադիր ուժերին, նրանց քվեարկողներին և նույնիսկ այն քաղաքացիներին, ովքեր ընտրակաշառք վերցնելով գնացին քվեարկության։


«Մենք ընդամենը մեր վրա դրված պատասխանատվությունն ենք փորձում իրացնել, և մանդատներ վերցնելը չի նշանակում ընդունել ընտրության արդյունքները»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա։


Վերջինիս փոխանցմամբ՝ մանդատներ վերցնել-չվերցնելու հարց իրենք դեռ չեն քննարկել, սպասում են բողոքարկման պրոցեսն ավարտվի։ «Որպես Արմեն Մարտիրոսյան քաղաքական գործիչ, ես կարծում եմ, որ ցանկացած դեպքում պետք է վերցնել մանդատները, ունենք դե ֆակտո իրավիճակ, և յուրաքանչյուր քաղաքական ուժ ու քաղաքացի, որ վստահություն է տվել, պետք է այդ վստահությունն օգտագործի»,- ասաց նա՝ հավելելով, որ «Բարև Երևանին» դաշինքին, այնուամենայնիվ, հաջողվեց առանց կեղծիքի ավագանու անդամ դառնալ և անցումային շեմը հաղթահարել։


Հարցին, թե փոքրամասնություն լինելով ի՞նչ կարող են անել ավագանու կազմում, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Մենք ցանկացած պարագայում կարողացել ենք սոցիալական որոշ խմբերի օգտակար լինել, իսկ թե ավագանու կազմում կհամագործակցե՞նք կաշառք բաժանած ուժի՝ ԲՀԿ-ի հետ, թե ոչ, պետք է ասեմ, որ ԲՀԿ-ն իր ներսում որոշելու խնդիր ունի, և նախ իրենք պետք է որոշեն, թե որ դաշտում են, բայց եթե հասարակությանը հուզող կոնկրետ խնդիր լինի, իհարկե, պետք է լուծվի»։


Անդրադառնալով համացանցում հայտնված տեսանյութին (նյութը թողարկելուց հետո տեսանյութը Youtube–ից հեռացվեց), որ ապրիլի 9- ին է նկարահանվել և որտեղ ինքը ոստիկաններին ասում է, որ իրենց 100 000 դոլարներով կաշառք են առաջարկել, բայց հանուն ազգի չեն ընդունել՝ Մարտիրոսյանը չցանկացավ բացահայտել թե ով է այդ կաշառքն առաջարկել։ Նա նաև նշեց, որ անկեղծորեն չգիտեր, որ նկարում են։