Բանգլադեշի մայրաքաղաքում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվն անցել է 1000-ից

10:45 • 10.05.13

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում 8-հարկանի Rana Plaza համալիրի փլուզման հետևանքով զոհերի թիվն անցել է 1000-ից, հայտնում է Газета-ն՝ վկայակոչելով Bloomberg-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է որոնողափրկարարական գործողությունները ղեկավարող զինվորականներին։

 

Հիշեցնենք, որ շենքը փլուզվել էր ապրիլի 24-ին։ Համալիրում տեղակայված են եղել բանկի մասնաճյուղեր, կարի ֆաբրիկաներ և խանութներ։

 

Բանգլադեշի իշխանությունները կանգնեցրել են 18 կարի ֆաբրիկաների աշխատանքը, որոնցից 3-ը պատկանում են Nassa Group-ին՝ երկրում հագուստի ամենախոշոր արտադրողին։

Երկրի աշխատանքի նախարարությունից հայտնել են, որ Nassa Group-ի ձեռնարկությունները փակվել են, քանի որ դրանց արտաքին պատերի վրա ճաքեր են հայտնաբերվել։

 

Ի դեպ, սա դեռ սկիզբն է՝ ըստ երկրի իշխանությունների. նրանք մտադիր են ստուգումներ անցկացնել Բանգլադեշի բոլոր կարի ֆաբրիկաներում, որոնք երկրում մոտ 5.000-ն են։