Բանգլադեշի մայրաքաղաքում շենքի փլուզումից 17 օր անց փլատակների տակից ողջ կին է հայտնաբերվել (տեսանյութ)

17:09 • 10.05.13

Բանգլադեշի մայրաքաղաքում ապրիլի 24-ին փլուզված Rana Plaza-ի շենքի փլատակների տակից ողջ կին է հայտնաբերվել, հայտնում է newsru.com-ը։ Ըստ ականատեսների՝ փրկարարները փլատակների տակ նկատել են կնոջ, ով իրենց ձեռքով է արել։

 

BBC-ի տվյալների համաձայն՝ կնոջ անունը Ռեշմա է, նա հայտնաբերվել է նկուղում։ Հաղորդվում է, որ նա ծանր վնասվածքներ չունի։ Փրկարարները կնոջ մոտ ջուր և սնունդ են իջեցրել։ Փլատակների տակից դուրս բերելուց հետո նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ։

 

Վերջին տվյալների համաձայն՝ Բանգլադեշում ապօրինի կերպով կառուցված շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 1034-ի։ Ավելի վաղ դուրս էր բերվել ողջ մնացած մոտ 2.500 մարդ։

 

Դեպքը տեղի էր ունեցել ապրիլի 24-ին, շենքում տեղակայված են եղել կարի ֆաբրիկաներ, բանկային մասնաճյուղեր, խանութներ։

Շենքի սեփականատեր Մուհամեդ Սոխել Ռանան մեղադրվում է անփութության, ապօրինի շինարարության համար։ Այս հանցագործությունների համար ազատազրկման առավելագույն պատժաչափը 7 տարի է։ Իսկ եթե նրա դեմ սպանության մեղադրանք ներկայացվի և մեղադրական դատավճիռ կայացվի, ապա նա կարող է մահվան դատապարտվել։