Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ-21010» մակնիշի մեքենա է շրջվել. տուժածներից 2-ի վիճակը ծանր է
Մայիսի 10-ին՝ ժամը 08։56-ին, տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիմիտրով գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է գազի արտահոսք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ կայքը, դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում «ՎԱԶ-21010» մակնիշի 97 LS 777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրին և շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդ Հ. Ստեփանյանը (ծնվ. 1975թ.) ուղևորներ` Ք. Գևորգյանը (ծնվ. 1990թ.), Խ. Խաչատրյանը (ծնվ. 1992թ.), և Հ. Նազարյանը (ծնվ. 1955թ.) տեղափոխվել են Արտաշատի ԲԿ, որտեղ Ք. Գևորգյանի և Խ. Խաչատրյանի առողջական վիճակները բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ Հ.Ստեփանյանինը և Հ.Նազարյանինը` ծանր, վերջիններս տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակները նույնպես գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը:










