«Գազպրոմում» ստուգումներ են սկսվել. ՌԴ Հաշվիչ պալատն ակնկալում է «հետաքրքիր արդյունքներ»

12:08 • 10.05.13

ՌԴ Հաշվիչ պալատը «Գազպրոմ» ընկերությունում ստուգումներ է սկսել, հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը։ «Վերջին 5 տարվա ընթացքում առաջին անգամ մենք լուրջ ստուգումներ ենք սկսել»,- «Ինտերֆաքս»-ին հայտնել է Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինը։

 

«Կարծում եմ՝ ստուգման արդյունքները հետաքրքիր կլինեն։ Շատերն են խոսում այս ընկերության փակ գործելու մասին, սակայն ես ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ «Գազպրոմ»-ը լիովին համագործակցում է Հաշվիչ պալատի աուդիտորների հետ՝ տրամադրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը»,- ասել է նա։

 

Նշենք, որ «Գազպրոմ» ընկերությունը հանդիսանում է «ՀայՌուսգազարդ» ընկերության հիմնական բաժնետերը: Ըստ «Հայռուսգազարդ» ընկերության կայքի՝ ընկերության բաժնետոմսերի 80%-ը պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին, 20%-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ ի դեմս ՀՀ Էներգետիկայի նախարարության: