Երուսաղեմում կանանց թույլատրել են աղոթել Արևմտյան պատի մոտ
Երուսաղեմում Իսրայելի ոստիկանությունը ճնշել է հարյուրավոր ուղղափառ հրեա ցուցարարների կազմակերպած ցույցը, ովքեր արգելում էին մի խումբ կանանց աղոթել հրեաների սրբավայրում՝ Արևմտյան պատի մոտ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ոստիկանության ներկայացուցիչները ձերբակալել են երեք տղամարդկանց, ովքեր վիրավորական բացականչություններ էին անում և շշեր նետում կանանց և ոստիկանության աշխատակիցների վրա: Հրեա կանանց վաղուց թույլատրվում է այցելել այդ սրբավայրը: Իսկ հիմա դատարանն արդեն թույլատրել է նրանց կրել աղոթքի ավանդական թաշկինակներ և աղոթել Արևմտյան պատի մոտ:
Կանանց աղոթքի թաշկինակներ կրել արգելվել էր 2003-ին: Որոշ ուղղափառ հրեաներ կարծում են, որ թաշկինակներ և այլ կրոնական ատրիբուտներ կարող են կրել միայն տղամարդիկ: Սրբավայրում աղոթել փորձող կանանց նախկինում ձերբակալում էին:










