Լոս Անջելեսում 28-ամյա հայը ծանր հանցագործության մեղադրանքով դատարանի առջև կկանգնի

10:30 • 10.05.13

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքի Վան Նայսի շրջանի 28-ամյա հայ բնակիչը ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով դատարանի առջև կկանգնի:

 

Ինչպես հաղորդում է ամերիկյան Glendalenewspress.com կայքը, Լոս Անջելեսի շրջանային դատարանը Խաչիկ Մասկովյանի նկատմամբ մեղադրանք է ներկայացրել՝ Կալիֆոռնիայի նահանգի Գլենդեյլ քաղաքի 33-ամյա բնակիչ Ջոշուա Վեսթին առևանգելու և սպանելու համար: Դեպքի մանրամասները և հանգամանքներն ամբողջությամբ դեռևս չեն պարզվել. հայտնի է միայն, որ սպանությունը  կատարվել է 2013թ-ի ապլիլի 24-ին. Ջոշուայի մարմինը հայտնաբերվել է Վան Նայսի փողոցներից մեկում՝ հրազենային և բութ գործիքի հարվածից ստացած բազմաթիվ վնասվածքներով:


Լոս Անջելեսի շրջանային դատախազի մամուլի ծառայության տվյալներով՝ Մասկովյանի և Ջոշուայի միջև փողոցում, դեռևս անհայտ պատճառներով,  վիճաբանություն է սկսվել, որի ժամանակ 28-ամյա հայը ծեծել է Ջոշուային, ապա նստեցրել է բեռնատար մի ավտոմեքենայի մեջ (իրեն չի պատկանել) և տարել անհայտ ուղղությամբ:


Րոպեներ անց, ականատեսների խոսքով, կրակոցներ են լսվել, որից հետո Մասկովյանը մեքենայի միջից ընթացքի ժամանակ դուրս է գցել Ջոշուային... Դեպքի վայր ժամանած շտապ օգնության աշխատակիցներին չի հաջողվել փրկել Գլենդեյլի բնակչի կյանքը: Երկու օր անց Մասկովյանը ձերբակալվել է՝ Ջոշուայի մահվան փաստի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում: Թե ինչ հարաբերություններ են ունեցել Մասկովյանը և Ջոշաուան, չի հաղորդվում: Հայտնի  է միայն, որ սպանվածն աշխատում էր Սանտա Մոնիկա քաղաքի անշարժ գույքի գործակալություններից մեկում՝ որպես մենեջեր:

 

Սպանության շարժառիթները և հանգամանքները պարզելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: