Հանդիպել են հայկական երկու պետության նախագահները՝ Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 10-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տարածած հաղորդագրությունից։
Նախագահները քննարկել են երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել տնտեսական փոխգործակցությանը, ֆինանսական և բանկային հատվածների զարգացմանը:
Երկուստեք նշվել է, որ տնտեսական կապերի շարունակական ընդլայնումը և խորացումը հանդիսանում է Հայաստանի և Արցախի առաջընթացի կարևոր նախապայմաններից մեկը, ինչը նպաստում է առկա ներուժի օգտագործման արդյունավետության բարձրացմանը:
Հանդիպմանը մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, պաշտոնատար այլ անձինք:










