ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի 4 իրանական ընկերությունների դեմ

01:12 • 10.05.13

ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի չորս իրանական ընկերությունների և Իրանի մեկ քաղաքացու դեմ, հայտարարել է պետդեպարտամենտի ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը, հայտնում է РИА Новости-ն:

 

Պատժամիջոցները կկիրառվեն իրանական Aluminat, Pars Amayesh Sanaat Kish, Pishro, Taghtiran Kashan ընկերությունների և Իրանի քաղաքացի Պերվիզ Կհակի հանդեպ: ԱՄՆ-ի իշխանությունների տվյալներով, նրանք Իրանին մատակարարել են ուրանի հարստացման համար ցենտրիֆուգների ստեղծման համար նախատեսված սարքավորումներ:

 

«Նրանք իրանական կառավարությանն են տրամադրում այնպիսի ապրանքներ և տեխնոլոգիաներ, որոնք բարձրացնում են ուրանի հարստացման հնարավորությունները», - ասվում է հայտարարության մեջ:

 

Ընդունված որոշումների համաձայն՝ ամերիկացիներին արգելում են այդ ընկերությունների հետ որևէ գործարք կնքել, ինչպես նաև նախատեսվում է սառեցնել ԱՄՆ-ում նրանց հնարավոր ակտիվները: