Յուրի Վարդանյանին նախարար նշանակելը քաղաքական շարժառիթ ունի. Հովհաննես Սահակյան
Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Սահակյանը օլիմպիական չեմպիոն, ՀՀ նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակելու հիմքում ոչ միայն մասնագիտական, այլ քաղաքական շարժառիթներ է տեսնում: «Յուրի Վարդանյանը, որպես սկզբունքային մարդ և համաշխարհային հայտնի մարզիկ, կարող է իր ներդրումն ունենալ սպորտի զարգացման գործում»,- այսօր կայացած ասուլիսին ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ եթե մի քանի ամիս առաջ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քննադատում էր Կառավարության ծրագիրը, ապա իրենք ցանկանում են ցույց տալ, թե ինչպիսի աշխատանք են պատրաստվում կատարել այն գերատեսչությունում, որը երկար ժամանակ ղեկավարում էին հենց ԲՀԿ-ի ներկայացուցիչները: «Երբ սպորտի նախարարը ԲՀԿ-ական է և դեմ է քվեարկում Կառավարության ծրագրերին, մենք էստեղ քայլ ենք անում»,-նշեց նա:
Հարցին, թե նախարարության գործառույթները երբ առնչվեն Օլիմպիական կոմիտեի հետ, որի նախագահը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, արդյոք խնդիրներ չե՞ն առաջանա, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ ինքն այդ հարցում խնդիր չի տեսնում:
Կառավարության կազմի մյուս փոփոխությունների մասին Հովհաննես Սահակյանն ասաց, որ փոփոխությունների տրամաբանությունը ներկայացրել է իրենց կուսակցության մամուլի քարտուղարը, և երբ Կառավարությունը խորհրդարանին ներկայացնի իր ծրագիրը, այդ տրամաբանությունն էլ ավելի հասկանալի կդառնա:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը ղեկավարվելով Սահմանադրությամբ ու հիմք ընդունելով ՀՀ Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ ՀՀ կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 145-րդ կետը, մայիսի 8-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել ու հաստատել ՀՀ կառավարության նոր կազմը:










