Եթե այսպես շարունակվի, Ազատության հրապարակը կլցվի ազատամարտիկներով. ազատամարտիկներ (լուսանկարներ, տեսանյութ)
Այսօր Ազատության հրապարակում նստացույց անող ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը, ով կառավարությունից պահանջում է արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները և վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը, Ազատության հրապարակ գալով՝ չէր հասցրել բացել իր ցուցապաստառները, երբ նրան են մոտեցել ոստիկանության աշխատակիցներ ու նրանից պարզաբանումներ ստանալու համար հրավիրել ինչ-որ տեղ:
Tert.am –ի այցելության պահին Վոլոդյա Ավետիսյանն արդեն գնացել էր, իսկ նրա զինվորական գլխարկը դրված էր գետնին:
Պաստառներից մեկի վրա գրված էր՝«Ազատամարտիկները ձեր վարձկանները չեն»: Փոխարենը, նրան աջակցելու համար հրապարակ էին եկել երկու ազատամարտիկ, որոնցից մեկը չցանկացավ ներկայանալ, իսկ մյուս ազատամարտիկը՝ Հարություն Փարթամյանն ասաց, որ չնայած Վոլոդյայի ընկերը չի, եկել է աջակցելու նրան:
«Եթե կառավարությունը ուշադրություն չդարձնի ազատամարտիկների հիմնախնդիրներին, ապա Ազատության հրապարակը կլցվի ազատամարտիկներով»,-ասաց նա:
Հարություն Փարթամյանն ինքը աշխատում է որպես պահակ և ապրում է Երևանում՝ մի ավտոտնակում: Նա ծառայել է Մանվել Գրիգորյանի ղեկավարած 5-րդ բրիգադում:
Նախկին ազատամարտիկը պատմեց, որ հերթագրված է եղել բնակարանային հերթում, սակայն, երբ իր հերթը մոտեցել է, պարզվել է, որ բնակարան չեն տալու՝ նրա ՀՀ քաղաքացի չհանդիսանալու ու Երևանում գրանցում չունենալու պատճառաբանությամբ:
Նշենք, որ Վոլոդյա Ավետիսյանը պահանջում է նաև փոխհատուցել ազատամարտիկներին ու կենսաթոշակի անցած զինծառայողներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, քանի որ ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների ու նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության երաշխիքները խիստ անբավարար են: Մի բան, որ ըստ նրա, անհարիր է մարդկային և ազգային արժանապատվության տեսակետից:
Երեկ տարածած հայտարարության մեջ նախկին ազատամարտիկը նաև նշել էր, որ ՀՀ կառավարությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում՝ զինծառայողներին հնարավորինս ցածր կենսաթոշակ վճարելու նպատակով:
Այս ընթացքում վերադարձավ Վոլոդյա Ավետիսյանը և հայտնեց, որ գնացել էր Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մոտ՝ «զեկուցելու»:
Նա նշեց, որ Աշոտ Կարապետյանն իրեն չի փորձել հետ կանգնեցնել իր քայլից, և ավելացրեց, որ նստացույցն անժամկետ չի, այլ մինչև երեքշաբթի ու գիշերն է տուն գնալու:
Նա ավելացրեց, որ կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի ազատամարտիկների հիմնախնդիրներին, քանի որ ազատամարտիկը չի կարող 50 -60 հազարով ընտանիք պահել:
Մեր ներկայության պահին Ազատության հրապարակի մերձակա սրճարաններից մեկում գտնվում էր ոստիկանության մի գնդապետ, որը նույնպես ցանկություն էր հայտնել հանդիպելու Վոլոդյա Ավետիսյանի հետ:










