Սաակաշվիլին կորցրել է իր լծակները ամբողջ երկրում և նա իր վերջին հույսը դնում է Բաքվի վրա. փորձագետներ

14:01 • 11.05.13

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի գնահատմամբ՝ վրաց-ադրբեջանական հարաբերությունները հետաքրքիր փուլ է մտել նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի ջանքերով, որը, սակայն, նույն հաջողությամբ ադրբեջանական կողմից արձագանք չի ստանում։ «Սաակաշվիլին կորցրել է իր լծակները ամբողջ երկրում, և նա իր վերջին հույսը դնում է Բաքվի վրա` իր կողմը գրավելով Ալիևին։ Սակայն ադրբեջանական կողմը զգուշավոր է այս ամենին վերաբերվում»,- ասաց ադրբեջանագետը և ավելացրեց, որ զգուշավորությունը կայանում է նրանում, որ Սաակաշվիլիի Բաքվում կատարած հայտարարությունները սպառնալիք են ռուս-ադրբեջանական հարաբերությունների համար։


Վրացագետ Ալիկ Էրոյանցի խոսքով՝ Սաակաշվիլիի գործողություններից ակնհատ է դառնում, որ նրա քայլերը ուղղված են գործող իշխանություններին, այլ կերպ «Վրացական երազանքին» հակազդելու։ «Թեև հոկտեմբերին նախագահական ընտրություններ են Վրաստանում և Սաակաշվիլին շանս էլ չունի, բայց նա հայտարարում է, որ քաղաքականությունից հեռանալու մտադրություն չունի։ Ալիևին գոհացնելու քայլերով հող են նախապատրաստում հաջորդ տարիների համար, մնալ այս հարաբերությունների մեջ, Թուրքիայի և մյուս երկրների հետ, որ գալով իշխանության՝ շարունակի այս համակրանքը վայելել»,- ասաց նա։


Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը հիշեցնում է, որ Բիձինա Իվանաշվիլին ձեռնամուխ է եղել թուրք-ադրբեջանական գործոնը չեզոքացնելուն՝ այստեղ վերանայելով Հայաստանի գործոնը, որը հակակշիռ է։


Ի դեպ, չնայած Իվանաշվիլիի մեծ ազդեցությանը, դեռևս «Վրացական երազանքը» նախագահի թեկնածու չի առաջադրել։ Վրացագետը կարծում է, որ լավ կլինի, որ Իվանաշվիլին կին թեկնածու առաջադրի։ «Քանի որ ինքը ուժեղ առաջնորդ է, միգուցե կդժվարանա տղամարդ առաջնորդ գտնել»,-նկատեց նա։