Քեմերոնը Պուտինի հետ հանդիպման ընթացքում չի առաջարկել Սիրիայի հարցով համաժողովն անցկացնել Լոնդոնում. Կրեմլ
Սիրիայի հարցով համաժողովը Մեծ Բրիտանիայում անցկացնելու հարցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չեն քննարկել. տեղեկացնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։
«Նման առաջարկություն չի եղել»,-հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Քեմերոնն առաջարկե՞լ է համաժողովը Լոնդոնում անցկացնել։
Ուշակովը նշել է, որ այժմ անհրաժեշտ է որոշել միջազգային համաժողովի անցկացման վայրն ու մասնակիցների շրջանակը, որոնք կարող են դրական անդրադառնալ խնդրի հնարավոր լուծման վրա։
«Այժմ մենք պայմանավորվել ենք անգլիացիների հետ, որ այդ գործընթացն ակտիվացնելու ենք»,- ասել է Ուշակովը։
Նախագահի օգնականը հիշեցրել է, որ մայիսի 13-ին Քեմերոնն այցելելու է Վաշինգտոն, որտեղ ևս քննարկելու է միջազգային համաժողովի անցկացման հարցը։ «Մենք ամերիկացիների հետ շփում ունենք և սպասելու ենք Քեմերոնի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բանակցությունների արդյունքից հետո եկած ազդանշանին»,-ասել է Ուշակովը։










