ԿԸՀ վերջնական պաշտոնական արդյունքները. սենսացիաներ չկան` ավագանիում կլինեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու «Բարև Երևան» դաշինքը

17:30 • 12.05.13

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրապարակել է Երևանի ավագանու` մայիսի 5-ին անցկացված ընտրությունների արդյունքները. Երևանի ավագանիում կլինեն երեք քաղաքական ուժեր՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը ստանալով 40 տոկոսից ավելի ձայն, իրեն կվերապահի քաղաքապետ ընտրելու իրավունքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ու «Բարև Երևան» դաշինքը: 


Ստորագրված արձանագրության համաձայն՝ Երևանի ընտրողների ցուցակում ներառված 816 հազար 491 ընտրողներից 235 հազար 515-ը կամ 55,86 տոկոսն իր ձայնը տվել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը:

 

Նախնական արդյունքների համեմատ ՀՀԿ-ի քվեների թիվն ավելացել է 3-ով:
 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը վերջնահաշվարկի արդյունքում ստացել է 97 հազար 166 քվե կամ 23,05 տոկոս, (քվեների թիվը վերահաշվարկի արդյունքում պակասել է 23-ով), «Բարև Երևան» դաշինքը` 35 հազար 721 քվե կամ` 8,47 տոկոս (վերջնահաշվարկի արդյունքում քվեների թիվը պակասել է 11-ով), «Հայ ազգային կոնգրեսը» հավաքել է 18 հազար 493 ձայն` կամ 4,39 տոկոս, Հայ յեղափոխական դաշնակցությունը` 15 հազար 997 ձայն կամ 3,79 տոկոս, «Օրինաց երկիրը»` 15 հազար 732 ձայն կամ 3,73 տոկոս, «Առաքելությունը»` 2690 ձայն կամ 0,64 տոկոս:


Մայիսի 5-ի ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 437 հազար 079 մարդ կամ երևանցիների 53,53 տոկոսը: ՏԸՀ-ներին հատկացված քվեաթերթիկների թիվը կազմել է 829 հազար, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը` 15 հազար 301: